ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևն ընդունել է Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևին։ Ըստ ռուսական կողմի հրապարակած մամուլի հաղորդագրության, հանդիպմանը քննարկվել են երկու երկրների էներգետիկ համագործակցության հարցեր, այդ թվում՝ Ադրբեջանի տարածքով Իրան գազատարի նախագիծը։
Ըստ Ցիվիլևի՝ Ռուսաստանն ու Ադրբեջանը «ընդլայնում են կառուցողական երկխոսությունը էներգետիկ ոլորտում» ինչպես նավթի և գազի, այնպես էլ այլ ոլորտներում։
Նշենք, որ ռուսական գազի Ադրբեջանով Իրան տարանցման նախագծի մասին առաջին անգամ հայտարարվել էր հունվարի 17-ին Մոսկվայում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և իրանցի գործընկեր Մասուդ Պեզեշկյանի բանակցությունների ժամանակ։
Պուտինի խոսքով, առաջին փուլում նախատեսվում է տարեկան մատակարարել Իրան երկու միլիարդ խորանարդ մետր ռուսական գազ, իսկ ապագայում ծավալը հասցնել 55 միլիարդ խորանարդ մետրի։
Նախարար Ցիվիլևը հավելել է, որ Ադրբեջանով անցնող երթուղին լիովին համաձայնեցված է, մնում է միայն կոմերցիոն հարցերը լուծել. Նախարարը, սակայն, չհստակեցրեց՝ կօգտագործվի՞ առկա ենթակառուցվածքները, թե՞ նոր գազատարի կառուցում կպահանջվի։
Ադրբեջանում դեռևս մեկնաբանություններ չեն եղել Մոսկվայում արված հայտարարությունների վերաբերյալ։ Սակայն նախկինում ոչինչ չի հաղորդվել Ադրբեջանի տարածքով Իրան գազատարի կառուցման վերաբերյալ եռակողմ բանակցությունների մասին։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում