Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան նոր առևտրային համաձայնագիր են կնքել։ Այդ մասին հայտարարեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը։
«Այսօր առավոտյան ես ուրախ եմ հայտարարել, որ մենք հասել ենք նշանակալի առևտրային համաձայնության Մեծ Բրիտանիայի հետ», — ասաց նա։
«Այսօրվա համաձայնագիրը Մեծ Բրիտանիայի հետ առաջինն է մի շարք առևտրային գործարքներից, որոնց շուրջ իմ վարչակազմը վարում է բանակցություններ վերջին չորս շաբաթների ընթացքում։ Այս համաձայնագրով Մեծ Բրիտանիան միանում է ԱՄՆ-ին՝ վերահաստատելով, որ փոխադարձությունն ու արդարությունը միջազգային առևտրի ամենակարևոր և կենսական սկզբունքներն են։ Համաձայնագրով նախատեսվում է ընդլայնել ամերիկյան արտահանման հասանելիությունը, հատկապես գյուղատնտեսության ոլորտում՝ միլիարդավոր դոլարների չափով», — պարզաբանեց Թրամփը։
«Բացի այդ, որպես պատմական քայլ՝ համաձայնագիրը ներառում է պլաններ, որոնք կհանգեցնեն Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի տնտեսական անվտանգության համադրմանը։ Սա առաջին նման դեպքն է», — ավելացրեց ԱՄՆ նախագահը՝ չբացահայտելով այս համագործակցության մանրամասները։
Մայիսի 6-ին «Financial Times» թերթը հաղորդել էր, որ Վաշինգտոնն ու Լոնդոնը նախատեսում են արդեն այս շաբաթ կնքել համաձայնագիր, ըստ որի կիջեցվեն ամերիկյան մաքսային հարկերը բրիտանական ավտոմեքենաների և պողպատի վրա։ Ըստ պարբերականի՝ գործարքը նախատեսում է, որ որոշակի քանակի բրիտանական արտադրանք կարող է առանց մաքսային վճարների ներմուծվել ԱՄՆ։ Լոնդոնը հույս ունի, որ ամերիկյան վարչակազմը կընդունի իջեցնել 25%-անոց սակագները բրիտանական ավտոարտադրողների և մետաղագործների ապրանքների համար։ Իր հերթին Մեծ Բրիտանիան պատրաստ է իջեցնել հարկերը ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների համար և վերանայել ամերիկյան ավտոմեքենաների ու գյուղմթերքի մաքսային սակագները։
Ապրիլի 2-ին Թրամփը հայտարարեց 185 երկրների և տարածքների արտադրանքի վրա մաքսատուրքերի սահմանման մասին։ Այդ ցանկում Ռուսաստանը ընդգրկված չէ։ Համընդհանուր 10% սակագները ուժի մեջ մտան ապրիլի 5-ին, իսկ անհատական սակագները՝ ապրիլի 9-ին։ Այնուհետև ամերիկյան նախագահը հայտարարեց, որ 90 օրով դադարեցնում է փոխադարձության սկզբունքով կիրառված լրացուցիչ ներմուծման մաքսատուրքերի գործողությունը որոշ երկրների և տարածքների նկատմամբ։ Սպիտակ տանը պարզաբանեցին, որ դադարն անհրաժեշտ է առևտրային բանակցությունների համար, և այդ ընթացքում կգործի 10%-անոց համընդհանուր սակագինը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում