Հայաստանը քննարկում է Սիլիկոնյան հովտում տեխնոլոգիական կցորդի գրասենյակ ունենալու հարցը. Հայրապետյան

1 Min Read

Ռազմարդյունաբերության ոլորտի 25 կազմակերպություն Պաշտպանության նախարարությունից պատվեր ունի:

Ակնկալվում է, որ տարվա ընթացքում այս թիվը կհասնի 29-ի՝ լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը:

Նրա խոսքով՝ այս պահին գործող 46 պայմանագրով պաշտպանության նախարարությունը արդեն 122 միլիարդ դրամի պատվեր է տվել։ Ակնկալվում է, որ տարվա կտրվածքով պատվերների ընդհանուր գումարը կկազմի 191 միլիարդ դրամ:

Պաշտոնավարման 100 օրվան նվիրված ասուլիսում Հայրապետյանը նաև ասել է, որ ներքին փորձարկումներ են իրականացվել մի քանի զինատեսակի և կառավարման համակարգերի գծով, դրանք մոտ ապագայում հնարավորություն կունենան կիրառվելու Հայաստանի զինված ուժերում։

Ըստ նախարարի՝ Հայաստանը քննարկում է Սիլիկոնյան հովտում տեխնոլոգիական կցորդի գրասենյակ ունենալու հարցը:

«Հույս ունենք, որ այն կհաջողվի կյանքի կոչել։ Համենայնդեպս, այս փուլում մենք դա քննարկում ենք ինչպես կառավարության մյուս գործընկերների, գերատեսչությունների, այնպես էլ մասնագիտական և ոլորտային համայնքի հետ, սա հնարավորություն կտա Հայաստանին կիրառել գլոբալ տեխնոլոգիական ռեսուրսները, խրախուսել միջազգային համագործակցությունները, արագացնել կենսունակ և նորարարական տեխնոլոգիական կենտրոնների զարգացումը, ինչպես նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանը դիրքավորել որպես համաշխարհային խաղացող»,- ասել է նախարարը:

Share This Article