Կենսաթոշակային ֆոնդեր կան բազմաթիվ երկրներում։ Այս ֆոնդերի էությունը կայանում է նրանում, որ կենսաթոշակների վճարման բեռն ամբողջությամբ բյուջեի վրա չի ընկնում, այլ դրանց մի մասը ձևավորում է քաղաքացին` իր սեփական աշխատավարձից գումարներ վճարելով ստեղծված ֆոնդերից որևէ մեկին։
Այս ֆոնդերը, որոնք հսկայական գումարներ են կուտակում, իրենց հերթին իրականացնում են նաև այս գումարների կառավարում՝ դրանք ներդնելով տարբեր արժեթղթերում։
Հանրության շրջանում այս ֆոնդերի հետ կապված կան լուրջ մտահոգություններ։ Շատերին է հուզում այն հարցը, թե արդյոք քրտնաջան աշխատանքի արդյունքում ձևավորված գումարները ի վերջո կհասնեն իրենց սեփականատերերին։
Ֆոնդերի հետ կապված մյուս մտահոգությունները կապված էին մարդկանց աշխատավարձերից գանձվող գումարների չափի հետ։ Չնայած այս և այլ բազմաթիվ խնդրահարույց հարցերին՝ ինչպես միշտ շատ արագ կերպով մարդկանց պարտադրվեց կենսաթոշակային ֆոնդերին վճարել իրենց եկամուտների որոշակի մասը։
Կենսաթոշակային ֆոնդերը գործում են և արձնագրում որոշակի արդյունքներ, որոնց ցանկալի է հետևել։
Հետևաբար, ուսումնասիրենք կենսթոշակային ֆոնդերի գործունեության արդյունքները 2023թ.-ին․
Վիճակագրական տվյալները փաստում են, որ 2023թ. ընդհանուր ակտիվների ծավալները կազմել են ֏799,550․4 մլն, իսկ պարտավորություններինը՝ ֏387․7 մլն։
Պարտատոմսերում ներդրումների ծավալները 2023թ-ին կազմել են ֏357,563․7 մլն, որի 90%-ը պատկանում է ՀՀ պետական պարտատոմսերին, իսկ 10%-ը՝ այլ պարտատոմսերին։ Դրամական միջոցների և ավանդների ծավալները կազմել են ֏177,602․8 մլն։
Կոլեկտիվ ներդրումային գործիքներում ներդրված գումարների ծավալները կազմել են ֏246,071․40 մլն, որի մեծ մասը՝ ֏ 244,969․50 մլն-ը, արտարժույթով է։ Վիճակագրական կոմիտեն նշում է, որ կոլեկտիվ ներդրումային գործիքները կարող են ներառել բաժնետոմսեր, փայամասնակցություններ ինդեքսային և այլ ֆոնդերում, ինչպես նաև այլ փայամասնակցություններ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում