Ձերբակալվել է ՀՀ նախկին գլխավոր հարկադիր կատարողը․ Mash telegram ալիք

1 Min Read

Մոսկվայում ձերբակալվել է Հայաստանի ԴԱՀԿ պետ, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը։ Այս մասին գրում է Mash telegram ալիքը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ նրան կանգնեցրել են ճանապարհային ոստիկանության աշխատակիցները։ Պողոսյանը Հայաստանում հետախուզվում էր քրեական 9 հոդվածներով, նրա ձերբակալության մասին արդեն հայտնել են հանրապետության ոստիկանության կենտրոնական ապարատին։ Նրան շուտով կարտահանձնեն ՀՀ-ին։

Հիշեցնենք, որ Միհրան Պողոսյանը հետախուզման մեջ է` առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակման ու պաշտոնեական դիրքը չարաշահելու մեղադրանքով։

2019թ.-ին հայտնի դարձավ, որ Միհրան Պողոսյանին Հայաստանին արտահանձնելու` ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը ՌԴ գլխավոր դատախազությունը մերժել է անհնարինության հիմքով։

2023-ի օգոստոսին նրա նկատմամբ հարուցվել է նոր հանրային քրեական հետապնդում։ Պողոսյանը մեղադրվում է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու (փողերի լվացում), առանձնապես խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելու, պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ խոշոր չափերով վատնում կատարելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ:

Պողոսյանը մեղադրվում է 1,3 մլն $ հարկերից խուսափելու մեջ, ինչպես նաև կասկածվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառություն կազմակերպելու մեջ։ Մայիսի 17-ին, Հայաստանում առգրավվել էր 250 միլիոն եվրո արժողությամբ 1 տոննա կոկաին, որը հայտնաբերվել էր Էկվադորից միրգ ներկրող ընկերության բեռներում։ Շրջանառվում էին լուրեր, որ բռնագրավված թմրանյութը պատկանում է մրգի ներկրմամբ զբաղվող ընկերությանը, որը պատկանում է Պողոսյանին։

Կիսվեք այս հոդվածով