Բայդենը շնորհավորել է Էրդողանին և պարզաբանել, թե որ դեպքում F-16 կործանիչներ կվաճառվեն Թուրքիային

1 Min Read

Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազանգի միջոցով շնորհավորել է  Ռեջեփ Թայիփ Էրդողանին Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ, գրում է Էրմենիհաբերը:

Նշվում է նաև, որ երկու երկրների առաջնորդները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային մարտահրավերների վերաբերյալ, ինչպես նաև հայտնել իրենց հաստատակամությունը՝ շարունակելու իրենց երկրների միջև համագործակցությունը առկա բոլոր ոլորտներում:

Ըստ բրիտանական «Reuters» լրատավական գործակալության՝ Բայդենն ու Էրդողանը խոսել են նաև F-16 կործանիչների վաճառքի մասին:

Աղբյուրի համաձայն՝ Բայդենը նշել է, որ կործանիչների վաճառքը օրակարգ կմտնի այն պարագայում, երբ Թուրքիան հրաժարվի Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ) Շվեդիայի անդամակցությունը վավերացնելու հարցում ունեցած իր առարկություններից:

ԱՄՆ նախագահն ասել է, որ վերոհիշյալ թեմայի շուրջ ավելի մանրամասն քննարկումներ կլինեն հաջորդ շաբաթ:

Հիշեցնենք, որ Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցության հայտ էր ներկայացրել 2022-ի մայիսի 17-ին:

ՆԱՏՕ-ին անդամակցելու՝ Շվեդիայի հայտը դաշինքի անդամներից չեն վավերացրել միայն Թուրքիան և Հունգարիան։

TAGGED:
Share This Article
1003 Comments