Ժամանակակից աշխարհում փոփոխություններ են նկատվում մարդկանց աշխատանքային գրաֆիկի մասով։ Նախկինում ձևավորված աշխատանքային հարաբերություններն արդիականացման կարիք ունեն։ Ինչպես ցույց տվեց թագավարակի ամենաբարդ ժամանակահատվածը, մարդկությունը պատրաստ է անցնել հեռավար աշխատանքի։ Բազմաթիվ վկայություններ կան, որ ընդհանրապես, հեռավար աշխատանքը ոչ միայն չի նվազեցրել, այլ մի բան էլ ավելացրել է մարդկանց արտադրողականությունը։
Այս գործընթացներից հետ չի մնում Հայաստանը, որտեղ արդեն գոյություն ունի հեռավար աշխատանքը օրենքով թույլատրելու նախագիծը։ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում նույնիսկ եղել է քվեարկություն, որի արդյունքները հետևյալն են․
Ինչպես կարելի է նկատել, քվեարկողների 88 %-ը կողմ է արտահայտվել նախագծին, իսկ 12 %-ը՝ դեմ։
Այս ամենի մեջ հետաքրքիրն այն է, որ երկու տարի առաջ հայրենի իշխանությունները զրկեցին հայ ժողովրդին հունվարյան հանգստյան օրերից՝ պատճառաբանելով, որ հունվարյան աշխատանքները Հայաստանի տնտեսությունը հասցնելու են տիեզերական մակարդակների։ Իհարկե, նորմալ մարդիկ միանգամից հիմնավորումներ պահանջեցին, խնդրեցին ներկայացնել հաշվարկներ, սակայն որևէ պատասխան չստացան։ Այս պարագայում մեր կողմից ուսումնասիրվել է 2011-2023 թ․-ի հունվար ամսում արձանագրված տնտեսական ակտիվության դինամիկան, որը ներկայացված է ստորև․
Նախ արձանագրենք, որ 2023 և 2022 թթ․-երի հունվարին հայերը զրկված են եղել հանգստյան օրերից։ Այս պարագայում նկատում ենք, որ 2011-2023 թթ․-երի հունվարին դեկտեմբերի համեմատ տնտեսական ակտիվությունը միշտ անկումներ է արձանագրել։ Այս փաստով տնտեսական ակտիվության որևէ էական փոփոխություն չի դիտվել, եթե համեմատում ենք հունվարյան հանգստյան օրերով տարիները ոչ հանգստյան օրերով տարիների հետ։ Մյուս կողմից նկատում ենք, որ տնտեսական ակտիվությունը տվյալ տարվա հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ միշտ արձանագրել է աճեր, բացառությամբ 2011 և 2021 թթ․-երի հունվարին, երբ տնտեսական ակտիվություն անկումը կազմել է 8,5 %։ Նկատենք, որ 2022 թ․-ի հունվարին 2021 թ․-ի հունվարին արձանագրվել է տնտեսական ակտիվության 10,5 % աճ։ Նման աճ եղել է 2018 թ․-ին՝ 10,2 %, երբ մարդիկ հունվարին հանգստացել են։ 2021 թ․-ի հունվարին 2020 թ․-ի հունվարի արձանագրված աճը չի կարելի վերագրել մարդկանց հունվարյան ազատ օրերից զրկելու հանգամանքին, քանի որ 2020 թ․-ի ավերիչ պատերազմից հետո 2021 թ․-ը այն տարին էր, երբ մարդիկ Ամանորը սկսեցին նշել նախկինի պես։ Բացի այդ՝ նկատվում է դեկտեմբերյան ակտիվության բաշխումը հունվարյան ակտիվության վրա։
Փաստացի, կարելի է արձանագրել, որ դեռևս մարդկանց ազատ օրերից զրկելը էական տեղաշարժեր չի առաջացրել տնտեսությունում. գոնե թե` տնտեսական ակտիվության ցուցանիշի տեսանկյունից։ Այս պարագայում միգուցե ճիշտ կլինի հունվարյան հանգստյան օրերի հարցը տեղափոխել մարդկանց ազատ ընտրության դաշտ․ ով ցանկանում է աշխատել, թող աշխատի, ով ցանկանում է հանգստանալ, թող հանգստանա, և ով ցանկանում է հեռավար աշխատել, թող աշխատի։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում