Ադրբեջանում առկա խնդիրների պատճառով Թուրքիան սկսել է հեղուկ գազ գնել այլ երկրներից

2 Min Read

Հունվարի սկզբին տեխնիկական խնդիր է առաջացել Կասպից ծովում Ադրբեջանի խոշորագույն գազային հանքավայրի հարթակներից մեկում՝ «Շահ Դենիզ»-ում։ Այս պատճառով Թուրքիան սկսել է հեղուկ գազ գնել ձմռանը իր ներքին կարիքները հոգալու համար, ըստ Bloomberg-ի, BOTAŞ պետական ​​գազային ընկերությունը հունվարի վերջից մինչև մարտ մատակարարելու համար հեղուկ գազ է գնել և փնտրում է նաև մեկ այլ խմբաքանակ առաքման համար։  Իրավիճակին ծանոթ առևտրականների կարծիքով, BOTAŞ-ի հեղուկ գազի գնումների պատճառը Ադրբեջանից մատակարարման ծավալների կրճատումն է։

Շահ Դենիզ Ալֆա հարթակում տեխնիկական խնդիր է առաջացել, որը հանգեցրել է TAP խողովակաշարով Եվրոպա տեղափոխվող գազի ծավալների կրճատմանը։ Դա առաջինն են զգացել Բուլղարիան և Սերբիան։

Բուլղարական Bulgargaz ընկերությունը նույնպես հայտնել է, որ ադրբեջանական գազի մատակարարումները չեն վերականգնվել, սակայն Բաքվից ստացված տեղեկատվության համաձայն՝ խնդիրը նախատեսվում է լուծել մինչև հունվարի 19-ը։

Մատակարարման կրճատումները ազդել են նաև Իտալիայի, Հունաստանի և այլ երկրների վրա:

Խնդիրը նվազեցրել է ադրբեջանական գազի արտահանումը մոտ 30 տոկոսով՝ հասնելով օրական 8,5 միլիոն խորանարդ մետրի, ըստ BP Azerbaijan-ի, խնդիրը կապված է «Շահ Դենիզ» հանքավայրը Սանգաչալի տերմինալին միացնող ստորջրյա գազատարի հետ։ Արդյունքում Շահ Դենիզ Ալֆա հարթակի շահագործումը դադարեցվել է։ Ընկերության հասարակայնության հետ կապերի ղեկավար Թամամ Բայաթլին Bloomberg-ին ասել է, որ վերանորոգման աշխատանքները շարունակվում են, սակայն ավարտի ժամկետը դեռ որոշված ​​չէ։

Գործակալությունը նշում է, որ Ադրբեջանից Թուրքիայի գազաբաշխիչ ցանցի երկու մուտքերից մեկով գազի հոսքը ներկայումս զրոյական է։

Ադրբեջանը Թուրքիային տարեկան մատակարարում է 6 միլիարդ խորանարդ մետր գազ TANAP խողովակաշարով, իսկ Իրանը պարտավորվել է տարեկան 10 միլիարդ խորանարդ մետր գազ մատակարարել: Թուրքիայի մնացած կարիքները ծածկվում են «Թուրքական հոսք» խողովակաշարով մատակարարվող ռուսական «կապույտ վառելիքով» (տարեկան 17,5 միլիարդ խորանարդ մետր) և հեղուկ գազի ներկրմամբ։

«Շահ Դենիզ Ալֆա» հարթակին բաժին է ընկնում «Շահ Դենիզ» հանքավայրի գազի արդյունահանման մոտ 36 տոկոսը: Մնացած ծավալները գալիս են Bravo հարթակից, որտեղ արտադրությունն ու արտահանումը շարունակվում են բնականոն հունով, ավելի վաղ հայտնել էր BP-ի ադրբեջանական ստորաբաժանումը։

Ադրբեջանը շարունակում է գազ մատակարարել Թուրքիա Բրավո հարթակից, ասել է իրավիճակին անմիջականորեն տեղյակ մեկ այլ անձ։ Անդրանատոլիական խողովակաշարով (TANAP) Ադրբեջանից Թուրքիա մատակարարումները բնականոն հունով շարունակվում են, ասել է գազատարի նախագծի ներկայացուցիչը։

Կիսվեք այս հոդվածով