Ղազախստանի կենտրոնական դեպոզիտարիան (KCSD) դարձել է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի (ՀԿԴ) համակարգի անդամ՝ բացելով անվանատիրոջ հաշիվ։ Այս անդամակցությունը կարևոր նշանակություն ունի երկու երկրների կապիտալ շուկաների միջև փոխգործակցության խորացման և արժեթղթերի շուկաների հասանելիության ընդլայնման համար:
Ղազախստանի կենտրոնական դեպոզիտարիայի հաճախորդները այսուհետ կստանան հասանելիություն ՀՀ կորպորատիվ և պետական արժեթղթերին: Սա հնարավորություն կտա KCSD-ի հաճախորդներին օգտվելու Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի առաջադեմ ծառայություններից։
ՀԿԴ համակարգի անդամակցության միջոցով Ղազախստանի կենտրոնական դեպոզիտարիան նպատակ ունի իր հաճախորդներին ապահովել նոր ներդրումային հնարավորություններով և արժեթղթերի շուկայի գործառույթների փոխկապակցվածության բարձր մակարդակով:
Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի գլխավոր տնօրեն Անի Մակարյանի կարծիքով սա կարևոր քայլ է երկու երկրների ֆինանսական ոլորտի ինտեգրման ուղղությամբ, որը կնպաստի կապիտալի շուկաների զարգացմանը և ներդրումային հնարավորությունների ընդլայնմանը ինչպես Հայաստանում, այնպես էլ Ղազախստանում։
***Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան մատուցում է քլիրինգի ու վերջնահաշվարկի, ակտիվների սպասարկման ու ռեեստրավարման ծառայություններ՝ թույլ տալով հայաստանյան ու միջազգային գործընկերներին ավելի արդյունավետ իրականացնել իրենց ընթացիկ աշխատանքները։ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան նաև Հայաստանում կուտակային կենսաթոշակային ֆոնդերի պահառուն և մասնակիցների ռեեստրավարն է:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում