ՊԱՏԵՐԱԶՄՆ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ Է, ՍԱԿԱՅՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎՏԱՆԳն ԻՐԱԿԱՆ Է. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

3 Min Read

Այդպես էլ մարդկությունը չսովորեց հետևություններ անել սեփական պատմությունից: Դրա արդյունքում իրադարձությունները ժամանակ առ ժամանակ գրեթե նույնությամբ կրկնվում են: Թվում է, թե մարդկությունը զարգացել է և շարժվում է նոր ժամանակներին համապատասխան: Սակայն, այդ բոլորը պատրանք է:

Ամեն անգամ շրջանցելով առկա իրական խնդիրները՝ մարդկությունը պատրաստ չի լինում պայքարել ժամանակի նոր արհավիրքներին: Արդյունքում նորից հայտնվում ենք կոտրած տաշտակի առաջ:

Եկեք վերադառնանք անցյալ և հասկանանք՝ ինչ սխեմայով է մարդկության վզին փաթաթվում հերթական արհավիրքը.

Գծապատկեր 1. Երազանքները կարող են դառնալ իրականություն

Մեր ժամանակների ուղեղները նորից գործում են հին սխեմայով: Դեռևս ռուս-ուկրաինական հակամարտության վաղ շրջանում բազմաթիվ պաշտոնյաներ, վերլուծաբաններ և մեր ժամանակների հզոր ուղեղները գուժում էին, նախազգուշացնում էին, բաց հայտարարում էին, որ Ռուսաստանի հատուկ գործողությունը Ուկրաինայում կարող է շատ արագ և աննկատ կերպով վերածվել Ռուսաստան-Արևմուտք հակամարտության: Այնուհետև նույն այս ուղեղները սկսեցին շրջանառել մեկ այլ ավելի ծանր միտք այն մասին, որ ռուս-ուկրաինական ահագնացող պատերազմը հանգեցնելու է Երրորդ համաշխարհային պատերազմի:

Այս իրադարձությունների շղթայի արդյունքում հնարավոր է այս ամենն իրականություն դառնա, և իսկապես մարդկությունը գլորվի է՛լ ավելի մեծ աղետի մեջ: Ընդհանրապես, երբ անընդհատ մարդուն ասվում է, որ շատ շուտով մի վատ բան է լինելու, բերվում են այդ վատ բանը իրագործման ինչ-որ սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառները, մարդիկ սկսում են արդեն իսկ հայտնվել երրորդ համաշխարհային պատերազմում՝ շատ ավելի շուտ, քան հնարավոր պատերազմի սկիզբը:

Այս բացասական տրամադրությունների կուտակումը, վերջի վերջո, կհանգեցնեի նոր աղետի: Այդպես եղավ առաջին և երկրորդ աշխարհամարտերից առաջ: Դեռևս առաջին աշխարհամարտից առաջ ամերիկյան լրատվականները քարոզում էին, որ Եվրոպան կհայնտվի գլոբալ պատերազմում հենց որ Սերբիան պատասխան տա Ավստրիայի վերջնագրերին: Նմանատիպ հոդվածներ և վերլուծություններ էլ ավելի էին տարածվում Գերմանիայում, Ֆրանսիայում և աշխարհի տարբեր անկյուններում: Նույնն այսօր կրկնվում է ռուս-ուկրաինական հակամարտության մասով: Ավելին, Ուկրաինայի նախկին վարչապետներից մեկը նույնիսկ հավաստիացնում էր, որ Երրորդ աշխարհամարտն արդեն իսկ ընթանում է:

Մինչ «տաք գլուխները» մարդկությանը տանում են դեպի անդունդ, նկատում ենք, որ ռուս-ուկրաինական զինված հակամարտությունը և Ռուսաստան-Արևմուտք պատժամիջոցային պատերազմն արդեն իսկ մեծ խնդիրների առաջ է կանգնեցրել աշխարհին.

Գծապատկեր 2. Ռուսաստան-Ուկրաինա-Արևմուտք ճգնաժամի գլոբալ հետևանքները

Համաշխարհային տնտեսությունը հայտնվել է աճի դանդաղեցման և գնաճի արագացման թակարդում: Այս ամենն այն պարագայում, երբ համաշխարհային տնտեսությունը դեռևս չէր դուրս եկել թագավարակային ճգնաժամից: Թե՛ Ռուսաստանը, թե՛ Ուկրաինան աշխարհի կերակրման կարևորագույն շղթաներից մեկն են: Ներկայիս ճգնաժամը դուրս է բերել այս երկրները շղթայից՝ ստեղծելով լարված իրավիճակ: ՌԴ-ն տիրապետում է հսկայական վառելիքաէներգետիկ ռեսուրսների, որոնք միակողմանի պատժամիջոցների և պատերազմի արդյունքում կտրուկ սկսել են թանկանալ՝ խաթարելով համաշխարհային էներգետիկ առևտրի հավասարակշռությունը: Առկա ճգնաժամը խախտել է ֆինանսական համակարգի բնականոն աշխատանքը, որի արդյունքում արդեն իսկ առկա պարտքային ճգնաժամը խորանալու միտումներ ունի: Խախտվել են ապրանքների մատակարարման, փոխադարձ այցելությունների և ծառայությունների մատուցման շղթաների բնականոն աշխատանքը: Այս ամենի արդյունքում սպասվում է աղքատության խորացում և սով:

Այսպիսով, մարդկությունը պետք է վերադառնա պատմության խորքեր և ներկայիս ճգնաժամը փորձի հարթել անցյալի հարուստ փորձով՝ թույլ չտալով նոր արհավիրքներ: Մարդկությունը ոչ թե պետք է ստեղծի նոր խնդիրներ, այլ պետք է պայքարի արդեն իսկ առկա մարտահրավերների դեմ, որոնք պակաս կործանարար չեն:

Share This Article