Կազան քաղաքում տեղի ունեցած ԲՐԻԿՍ անդամ երկրների գագաթնաժողովն առաջինն էր, որը անցկացվում է ընդլայնված կազմով։ Հիշեցնենք, որ ներկայումս կազմակերպությունը համախմբում է 9 երկիր աշխարհի տարբեր անկյուններից։ Շատ է խոսվում, որ ԲՐԻԿՍ-ը հակակշիռ է լինելու Մեծ յոթնյակին (G7)։ Նշյալ երկու միություններն ուժեղ մրցակցության մեջ են գրեթե բոլոր ասպարեզներում։
Եթե դիտարկենք նրանց միջև առկա տնտեսական մրցակցությունը, ապա հակասություններն այստեղ բավականին շատ են։ Օրինակ, Թայվանի նեղուցով են անցնում կենսական նշանակություն ունեցող առևտրային ուղիներ։ Ընդ որում՝ Թայվանի նեղուցը ռազմավարակն նշանակություն ունի թե՛ G7, թե՛ ԲՐԻԿՍ անդամ պետությունների համար։
Թայվանական նեղուցի տնտեսական նշանակությունը մեր ընթերցողներին ներկայացնելու համար ուսումնասիրենք, թե ԲՐԻԿՍ-ի և Մեծ յոթնյակի խմբի երկրների արտահանման և ներմուծման ծավալների ո՞ր մասն է անցնում այս նեղուցով․
Վիճակագրական տվյալները փաստում են, որ ԲՐԻԿՍ-ի պարագայում այս նեղուցով է անցնում Չինաստանի ներմուծման ծավալների շուրջ 33%-ը և ԱՄԷ-ի ու Իրանի արտահանման ծավալների համապատասխանաբար մոտ 25%-ը և 24%-ը։
Մեծ յոթնյակի պարագայում Թայվանի նեղուցից հսկայական կախվածություն ունի աշխարհի երրորդ տնտեսությունը՝ Ճապոնիան։ Այսպես, Թայվանի նեղուցով է անցնում ճապոնական արտահանման ծավալների ¼-ը և ներմուծման ծավալների՝ ⅓-ը։
Ամեն անգամ, երբ Չինաստանը լարում է իրավիճակը Թայվանի շուրջ, Արևմուտքը ջղաձգվում է։ Հիմա արդեն պարզ է, որ հիմքում առևտրային ուղիներն են, որոնք աշխարհի հսկաների համար պետք է գործեն անխափան՝ հակառակ դեպքում մեծանում է ոչ միայն համաշխարհային տնտեսության ճգնաժամի վտանգը, այլև ԲՐԻԿՍ և G7 անդամ երկրների միջև ռազմական առճակատման հավանականությունը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում