Կառավարությունը հաստատել է ՀՀ մարզերում դպրոցահասակ երեխաների առողջ ապրելակերպի խրախուսման փորձնական ծրագիրը՝ մարզերի լողավազաններում դպրոցահասակ երեխաներին լողի անվճար ուսուցման հնարավորությունը ապահովելու նպատակով: 2024 և 2025 թթ. փորձնական ծրագիրը նախատեսվում է իրականացնել ՀՀ-ում գործող լողավազաններից 9-ում՝ այդ թվում Կապանում և Էջմիածնում երկուական, մեկական Վանաձորում, Մեծամորում, Հրազդանում, Իջևանում և Ապարանում, հաջորդող տարիներին կիրականացվի նախարարության կողմից հայտարարված մրցութային դրամաշնորհի միջոցով, ինչպես նաև 2026 թ. նախատեսվում է լողավազանների աճ: Նշված լողավազանները համապատասխանում են ՀՀ առողջապահության նախարարության հրամանով հաստատված լողավազանների կառուցվածքին, շահագործմանը և ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներին, սանիտարահամաճարակային կանոններին և նորմերին: Ծրագրի իրականացմամբ՝ յուրաքանչյուր տարի լողավազաններում լող մարզաձևով կզբաղվեն յուրաքանչյուր լողավազանում դպրոցահասակ երեխաների 2 տարիքային խումբ՝ 1-ին խմբում կընդգրկվեն 8-12 տարեկան երեխաները, 2-րդ խմբում՝ 13-17 տարեկանները: 1-ին խմբում պարապողների առավելագույն քանակը 12-ն է, իսկ 2-րդ խմբում՝ 10-ը: 1-ին և 2-րդ խմբերում պարապմունքները կանցկացվեն շաբաթական 3 օր՝ յուրաքանչյուր պարապմունքը 1 ժամ տևողությամբ: Ծրագիրը կիրականացվի ուսումնական տարվա ընթացքում: Ծրագրի նպատակն է դպրոցահասակ երեխաների լողալ սովորելը, նրանց շրջանում առողջ ապրելակերպի խթանումը, ինչպես նաև լող մարզաձևի զարգացման և սպորտի մեծ նվաճումների գործընթացում նրանց ներգրավելը:
Մարզիչ-մանկավարժների պարապմունքները կհսկվեն տվյալ կազմակերպության ղեկավարության կողմից: Խմբերի հետ աշխատող մարզիչ-մանկավարժների կողմից ուսումնամարզական գործընթացը թերի կազմակերպելու դեպքում նրանց կփոխարինեն տվյալ կազմակերպության այլ մարզիչ-մանկավարժները:
Ինչպես նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, շահառուների ընդհանուր թիվը մոտ 200 է: Նրանց ընտրությունը կկատարվի բաց հայտարարության միջոցով, որին կարող են դիմել տվյալ լողավազանի տեղակայման բնակավայրում ապրող դպրոցականները:
«Դիմումների ընտրությունն իրականացվելու է էլեկտրոնային եղանակով, շահառուների ընտրությունը կիրականացվի ըստ դիմելու հերթականության: Այն երեխաները, որոնք չեն հասցնի ներառվել խմբում, նրանցից կձևավորվի սպասման խումբ»,- ասել է նախարարը՝ նշելով, որ 1 աշակերտի համար սահմանված է ամսական 12 հազար դրամ վճար:
Նիկոլ Փաշինյանը կարևորել է ընդունված որոշումը և նշել, որ անհրաժեշտ է կիրառել համապատասխան միջոցներ ծրագրի արդյունավետ իրականացման և դրա շրջանակում չարաշահումները բացառելու համար:
«Կան մասնավոր լողավազաններ, մենք այդ մասնավոր լողավազաններին ասում ենք՝ դուք երեխաների խմբակներ ձևավորեք և պրոֆեսիոնալ մարզիչով երեխաները թող զբաղվեն լողով, մենք իրենց ամսվա վճարը կտանք: Սակայն մեր դառը փորձը ցույց է տալիս, որ ինչ լավ որոշում կայացնում ենք՝ այն դառնում է ոչ թե արդյունք, այլ չարաշահում, քրեական գործ: Հիմա մենք շատ զգույշ ենք մոտենում այս խնդրին»:
Վարչապետի խոսքով՝ եթե այս ծրագիրն հաջողությամբ իրականացվի, կարելի է այս մեխանիզմը մարզական մասնավոր այլ ենթակառուցվածքների դեպքում էլ կիրառել.
«Մենք կնայենք՝ էլ ինչ մասնավոր մարզական ենթակառուցվածքներ կան և նույն մեխանիզմով կֆինանսավորենք երեխաների հաճախումներն այդտեղ: Եթե այս մեխանիզմն աշխատի, կարծում եմ՝ ընդհանարապես մեր սպորտի ոլորտում կարող է շատ էական փոփոխություն լինել: Շատ եմ կարևորում այս ծրագիրը: Այն փորձնական է, որի արդյունքներին երևի մինչև տարվա վերջ կանդրադառնանք՝ աշխատե՞ց, թե՞ չաշխատեց ծրագիրը, ինչպե՞ս աշխատեց՝ հետագա որոշումները կայացնելու համար: Եվ տիկին Անդրեասյան, մենք ինչպես պայմանավորվել ենք, մասնավոր հատվածի հետ ինտենսիվ շփումները պետք է շարունակենք, որպեսզի մեր խոստացած մարզական կենտրոնների շինարարություններն արդեն հնարավորինս շուտ սկսենք մարզերում»:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում