ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը Ազգային ժողովում 2023 թվականի պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հարց է ուղղել ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանին՝ մտահոգություն հնչեցնելով մեր երկիր ներմուծված բջջային հեռախոսների, մասնավորապես, IPhone-ների առնչությամբ:
Նրա խոսքով՝ Հայաստան բերված հեռախոսների 80-90 տոկոսը անօրինական եղանակով է երկիր բերվում:
Բադասյանը համաձայնել է պատգամավորի գնահատականների հետ, սակայն ընդգծել է, որ 80-90 տոկոսի մասին խոսք չի կարող լինել, կոռուպցիոն ռիսկերի առկայության մասին՝ ևս:
ՊԵԿ նախագահի տեղեկացրել է, որ ՊԵԿ-ը հեռախոսների տեղափոխման դեպքերն արձանագրել է և հրապարակային ներկայացրել, բացի դրանից՝ նախորդ տարի հայտնաբերվել է սուբյեկտ, որը շուրջ 10 մլրդ դրամով խուսափել է հեռախոսների շուկայում հարկային պարտավորություններից, և 2 անձ է կալանավորվել նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում:
«Մենք այս մասով հստակ քաղաքականություն ենք վարում, որպեսզի նման խուլիգանական արարքներ, օգտագործելով ինչ-ինչ մաքսային մարմնի ծանրաբեռնվածությունը, չլինեն: Չեմ բացառում, որ եղել են նման արարքներ, և առկա են եղել նաև կոռուպցիոն ռիսկեր, դրա համար մենք բարեվարքության ստուգման ընթացակարգն ենք նաև զարգացնում ՊԵԿ-ում: Բայց այդ խոշոր դեպքը հայտնաբերվել է: Եթե մենք շուրջ 10 մլրդ դրամ հարկային պարտավորությունից խուսափելու մասին ենք խոսում ընդամենը 2-3 փոխկապակցված սուբյեկտների մասով, և հստակ սև հաշվապահությունն արձանագրել ենք, դա վկայում է նրա մասին, որ այս ոլորտում պայքար է տարվում»,- նշել է Բադասյանը:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը ևս համաձայնել է, որ բջջային հեռախոսների հետ կապված խնդիր ունենք:
«Ավելին ասեմ, այդ խնդիրը վերաբերում է ոչ միայն ֆիսկալ մասին, այսինքն՝ հարկերի հավաքագրմանը, այլև այդ զարտուղի ճանապարհով եկած հեռախոսները նաև անվտանգային որոշակի ռիսկեր են պարունակում: ՊԵԿ-ի և Կառավարության մեր գործընկերների հետ քննարկում ենք մի համակարգ ներդնելու նպատակահարմարությունը, որը, ըստ իս, այդ խնդիրը կարող է նորմալ լուծել: Իհարկե, որոշակի դժգոհություններ կարող է առաջացնել, բայց ամեն դեպքում, էֆեկտիվ կլինի»,- ասել է Թունյանը:
ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը ևս համաձայնել է, որ ոլորտում առկա է ստվեր: Նա վստահ է, որ շատ մարդիկ իրենց ճամպրուկներում մեկ հեռախոսի փոխարեն երկուսն են բերում, և երկրորդը հետո վաճառում են:
«Սակայն չենք կարող բացառել, որ մարդկանց շարժունակության բարձրացումն ինքնին հանգեցնում է նրան, որ այդ ապրանքները կարող են բերվել այլ շուկաներից, և դրա համար հարկեր այստեղ չեն վճարվում: Նույն տրամաբանությամբ զբոսաշրջիկները ևս առևտուր են անում մեր երկրից և իրենց երկրում հարկեր չեն վճարում»,- նշել է Թորոսյանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում