2024թ․ առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեն պակասուրդային է. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

2 Min Read

Պետական բյուջեն յուրաքանչյուր երկրի կարևորագույն ֆինանսական փաստաթուղթն է, որն արտահայտում է կառավարության քաղաքականությունը պետության համար կենսական նշանակություն ունեցող տարբեր բնագավառներում։ Հետևապես, այս  փաստաթղթի կիրառման ողջ ընթացքում պետք է լինի հանրային ուժեղ վերահսկողություն, քանի որ բյուջեի շրջանակներում իրականացվող ծրագրերն անմիջական ազդեցություն են ունենում ոչ միայն կարճաժամկետ, այլ նաև երկարաժամկետ հեռանկարում։ Այս առումով կարևորվում է բյուջեի ծախսերի և եկամուտների ծավալների մշտադիտարկումը և դրանց հավասարակշռության խախտման դեպքում իշխանությունների համապատասխան արձագանքը։


Ֆինանսների նախարարությունը հրապարակել է հունվար-մարտ ամիսների պետբյուջեի կատարողականը


Դեռևս բյուջեի կամ երկրի գլխավոր ֆինանսական  փաստաթղթի քննարկումների ժամանակ բավականին լուրջ բանավեճ է տեղի ունենում այն հարցի շուրջ, թե երկրի զարգացման ներկայիս փուլում որն է ավելի նպատակահարմար և իրագործելի՝ ունենալ հավելուրդային, պակասուրդային, թե՞ հավասարակշռված բյուջե։  Այս համատեքստում պետք է արձանագրել, որ Վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալների համաձայն՝ ՀՀ բյուջեն 2024թ. առաջին եռամսյակում պակասուրդային է․

Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2024թ. առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեի եկամուտների ծավալները կազմել են ֏ 524,98 մլրդ։ Վերջինս 2023թ. առաջին եռամսյակի համեմատ աճել է 8,6%-ով։ Բյուջեի ծախսերի ծավալները 2024թ. առաջին եռամսյակում կազմել են ֏ 525,87 մլրդ՝ 2023թ. առաջին եռամսյակի համեմատ աճելով՝ 24,4%-ով։ Արդյունքում 2024թ. առաջին եռամսյակում բյուջեի պակասուրդը կազմել է ֏ 890,7 մլն։ Նկատենք, որ 2023թ. առաջին եռամսյակում բյուջեն եղել է հավելուրդային, որի ծավալները կազմել են ֏ 60,92 մլրդ։ 

  • Ամփոփոելով` փաստենք, որ բյուջեի հիմնական հոդվածների առաջին եռամսյակի  ցուցանիշները ձևավորվել են մակրոտնտեսական այնպիսի միջավայրում, որտեղ տնտեսական ակտիվության ցուցանիշը 2024թ. առաջին եռամսյակում կազմել է 14,3%, արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալները 2024թ. առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ աճել են 30,4%-ով։
    Այս տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ արձանագրվել է գնանկում 1,2%-ով։ Եվ այս ամենը՝ դրամի բավականին արժևորման պայմաններում։
TAGGED:
Share This Article