Արդյո՞ք խելամիտ է ՀՀ քաղաքացիներին զրկել առևտրային բանկերից արտարժույթով վարկեր վերցնելու հնարավորությունից. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

3 Min Read

Հայաստանի շուրջ ստեղծված ներկայիս իրավիճակը պահանջում է, որ իշխանությունները հնարավորինս ճկուն քաղաքականություն վարեն ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրանից դուրս։ Սակայն այնպիսի տպավորություն է, որ  իշխանությունները զբաղված են լրիվ հակառակ գործունեությամբ։ Մասնավորապես, նկատում ենք, որ տարբեր ոլորտներում ընդունվում են օրենքներ, որոնք է’լ ավելի են մեծացնում խուճապը հանրության շրջանում։ Չենք խոսում նաև այն իրադարձությունների մասին, որոնք տեղի են ունենում զինված ուժերում և Հայաստանի դիվանագիտական դաշտում։

Այս համատարած թերությունների շարքում հայրենի իշխանությունները որոշում են կայացրել զրկել ՀՀ քաղաքացիներին ՀՀ առևտրային բանկերից արտարժույթով վարկեր ստանալու իրավունքից։  Շրջանառվում է օրենքի նախագիծ` ըստ որի hայաստանյան բանկերը կկարողանան արտարժույթով վարկեր տրամադրել միայն օտարերկրյա քաղաքացիներին։ Անշուշտ, այս օրինագիծը լրացուցիչ դիտարկման կարիք ունի։ Անհրաժեշտ է հասկանալ` արդյոք նման քաղաքականությունը չի խոցի ՀՀ բանկային համակարգին, որը ՀՀ տնտեսության հենասյուներից է։

Այս առումով դիտարկենք ՀՀ առևտրային բանկերի տրամադրած վարկերի ծավալները և դրանց կառուցվածքը` 2022 թ․-ի նոյեմբերի դրությամբ։ Վիճակագրական տվյալների համաձայն` 2022 թվականի նոյեմբերին ՀՀ-ում գործունեություն ծավալող առևտրային բանկերը տրամադրել են 4,153,823 մլն դրամի վարկ։ Նկատենք, որ վերջինս բաշխվել է ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների միջև հետևյալ հարաբերակցությամբ․

Գծապատկեր 1. ՀՀ առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի ծավալների բաշխումը ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների միջև` 2022 թ․-ի նոյեմբերի դրությամբ

Ինչպես ցույց են տալիս հաշվարկները,  ՀՀ առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի ծավալների 95 %-ը պատկանում է ռեզիդենտներին, իսկ  5 %-ը՝ ոչ ռեզիդենտներին։

Հաջորդիվ ուսումնասիրենք առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի ծավալներում արտարժույթով և դրամով վարկերի ծավալների մասնաբաժինները․

Գծապատկեր 2. Առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի բաշխվածությունը արտարժույթով և դրամով վարկերի միջև 2022 թ․-ի նոյեմբերի դրությամբ

Ինչպես կարելի է նկատել Գծապատկեր 2-ում, առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի 37 %-ը տրամադրվել է արտարժույթով, իսկ 63 %-ը՝ դրամով։

Վիճակագրական տվյալների համաձայն, 2022 թ․-ի նոյեմբերին ՀՀ ռեզիդենտներին տրամադրված արտարժույթով վարկերի ծավալների մասնաբաժինը ռեզիդենտներին տրամադրված վարկերի ծավալների 36 %-ն է կազմել կամ 1,409,578 մլն դրամ։

Ուսումնասիրենք նաև ՀՀ ռեզիդենտներին տրամադրված արտարժույթով վարկերի կառուցվածքը հետևյալ կերպ․

Գծապատկեր 3. ՀՀ առևտրային բանկերի կողմից ռեզիդենտներին տրամադրված արտարժույթով վարկերի ծավալների կառուցվածքը 2022 թ․-ի նոյեմբերի դրությամբ

Վիճակագրական տվյալների համաձայն՝ ռեզիդենտներին տրամադրված արտարժույթով վարկերի 77 %-ը պատկանում է ոչ ֆինանսական կազմակերպություններին, 20 %-ը՝ տնային տնտեսություններին, 3 %-ը՝ շահույթ չհետապնդող կազմակերպություններին։

Այսպիսով, ինչպես ցույց տվեց մեր վերլուծությունը ՀՀ առևտրային բանկերի կողմից տրամադրվող վարկերի ծավալներում արտարժույթով վարկերի մասնաբաժինը բավականին զգալի է։ Հետևաբար, նման ծավալների կտրուկ կրճատումը մեծ շոկ կարող է լինել ՀՀ բանկային համակարգի համար, որի հետևանքները տնտեսության վրա կարող են էլ ավելի ճակատագրական լինել։

Share This Article
Թողնել մեկնաբանություն