ՀՀ բանկային համակարգը` թվերով. 2024թ. առաջին եռամսյակ. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

3 Min Read

ՀՀ բանկային համակարգը մշտապես գտնվում է մեր ուշադրության կենտրոնում։ ՀՀ տնտեսությունում բանկերն ունեն առանցքային նշանակություն. բանկային համակարգի առողջությունը ենթադրում է կայուն իրավիճակ ոչ միայն ֆինանսական համակարգում, այլև ողջ տնտեսությունում։

Ներկայումս ՀՀ բանկային համակարգում ընթանում է երկու կարևոր գործընթաց, որոնցից մեկը վերաբերում է «Bank of Georgia Group PLC»-ի  կողմից Ամերիաբանկի, մյուսը՝ Արդշինբանկի կողմից «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ ձեռքբերմանը։

Տարիներ շարունակ պահպանվող կայունությունից հետո ՀՀ բանկային համակարգում դիտվում են որոշակի տեղաշարժեր, որոնք, հուսով ենք, կբերեն ոլորտում  նոր հնարավորություններ։


Որքան վարկ են վերցրել ՓՄՁ-ները ՀՀ բանկերից. Ինֆոգրաֆիկա


Չնայած այս փոփոխություններին՝ բանկերը շարունակում են գործել կանոնավոր կերպով և արդեն ներկայացրել են իրենց հաշվետվությունները 2024թ. առաջին եռամսյակի համար։ Դրանք բավականին ծավալուն են, ուստի այս անգամ կանդրադառնանք ՀՀ ԿԲ առանցքային նորմատիվների ցուցանիշների փաստացի մակարդակներին (յուրաքանչյուր բանկի մասով)․

 ՀՀ ԿԲ կողմից սահմանված նորմատիվների համաձայն` 2024թ. մարտի 31-ի դրությամբ բանկերի ընդհանուր կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների ծավալների հարաբերակցությունը նվազագույնը պետք է լինի 11%։

Մյուս առանցքային ցուցանիշը բարձր իրացվելի ակտիվների և ընդհանուր ակտիվների ծավալների հարաբերակցությունն է, որը պետք է կազմի նվազագույնը 15%։

Երրորդ ցուցանիշը բանկի բարձր իրացվելի ակտիվների և ցպահանջ պարտավորությունների հարաբերակցությունն է, որը պետք է կազմի նվազագույնը 60%։

Համաձայն այս նորմատիվների՝ ՀՀ բոլոր բանկերի մասով խախտում չի արձանագրվել, որը լրացուցիչ կայունություն է ենթադրում բանկային համակարգում և բարձրացնում է բանկերի նկատմամբ վստահությունը։

Սակայն, կարևոր է նաև հասկանալ բերված երեք ցուցանիշների մասով արձանագրված փաստացի արդյունքները յուրաքանչյուր բանկի պարագայում, ինչպես նաև ուսումնասիրել դիտված արդյունքների և սահմանված նորմատիվների ճեղքվածքը։

ՀՀ առևտրային բանկերի կողմից ներկայացված հաշվետվությունների համաձայն՝ ընդհանուր կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների ծավալների հարաբերակցությամբ առավելագույն մակարդակներ արձանագրած առաջին երեք բանկերն են Արցախբանկը՝ 72,46%, Մելլաթ բանկը՝ 55,89%, և Բիբլոս Բանկ Արմենիան՝ 33,36։

Մյուս կողմում են նվազագույն մակարդակներ արձանագրած առաջին երեք բանկերը՝ ԱրարատԲանկը՝ 16,11%, Ինեկոբանկը՝ 16,27% և Յունիբանկը՝ 16,28%։

Բարձր իրացվելի ակտիվների և ընդհանուր ակտիվների ծավալների հարաբերակցությամբ առավելագույն մակարդակ են արձանագրել Արցախբանկը՝ 78,49%, Մելլաթ բանկը՝ 61,57%, և Կոնվերս Բանկը՝ 44,26%։

Նվազագույն մակարդակներով աչքի են ընկնում Ֆասթ Բանկը՝ 16,1%, Հայէկոնոմբանկը՝ 21,26%, և Ամիօ բանկը՝ 26,48%։

Բարձր իրացվելի ակտիվների և ցպահանջ պարտավորությունների հարաբերակցություն ցուցանիշի առավելագույն մակարդակներ 2024թ. մարտի 31-ի դրությամբ արձանագրել են Արցախբանկը՝ 264,3%, Արմսվիսբանկը՝ 239,4%, և Բիբլոս Բանկ Արմենիան՝ 238,51%։

Նվազագույն մակարդակներ են գրանցել ԱյԴի Բանկը՝ 74,4%, Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը` 74,69%, և Ինեկոբանկը 75,45%։

TAGGED:
Share This Article