Հայաստանի և Իրանի սահմանի չեզոք գոտում հայտնաբերվել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

2 Min Read

Ապրիլի 9-ին Մեղրիի մաքսակետ-Երևան միջպետական ճանապարհի 5-րդ կմ-ին, Հայաստանի և Իրանի սահմանի չեզոք գոտում, քարե պատնեշին հայտնաբերվել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի երկու փաթեթ և մեկ պարկ, որոնք դեռևս չպարզված հանգամանքներում մաքսանենգ ճանապարհով փորձել էին իրացնել և ներկրել Հայաստան․ տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում նույն օրը երեկոյան կատարված դեպքի վայրի զննության ժամանակ հայտնաբերվել է հինգ փաթեթ` մարիխուանայի նմանվող, դեղնականաչավուն չորացված բուսական զանգվածներով` 4,63 կգ ընդհանուր քաշով: Սյունիքի մարզային քննչական վարչությունում կատարվող նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Ապրիլի 12-ին նույն վայրում հայտնաբերվել է կպչուն ժապավենով իրար կպցրած երկու փաթեթ: Մեկը լցված էր մեթամֆետամինի նմանվող բյուրեղանման 110 գրամ զանգվածով, մյուսը` մարիխուանայի նմանվող 612 գրամ զանգվածով: Նշված տարածքում էր նաև 34-ամյա մի տղամարդ, որը նշված զանգվածները դեռևս չպարզված հանգամանքներում մաքսանենգ ճանապարհով Իրանից ներկրել էր Հայաստան: Այստեղ էր նաև նրա վարած «Հյունդայի Ակցենտ» մակնիշի ավտոմեքենան:

Հանցագործությունը կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ժամը 01.55-ին տղամարդը ձերբակալվել և մեքենայով հանդերձ տեղափոխվել է Մեղրիի բաժնի ձերբակալվածների պահման վայր, իսկ մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք: Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված վարույթով կատարվում է նախաքննություն:

Նույն վարչության ծառայողները ստացած օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, համագործակցելով ոստիկանության Արտաշատի և Կապանի բաժինների ծառայողների հետ, ապրիլի 17-ին, ժամը 22.45-ին, Երևան-Երասխ ճանապարհին գտնվող գազալցակայանում հատնաբերել և ձերբակալել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ ձեռք բերելու և իրացնելու համար հետախուզման մեջ գտնվող 27-ամյա մի տղամարդու: Իր վարած «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ նա տեղափոխվել է նախ Արտաշատի, ապա` Կապանի բաժին: Ապրիլի 9-ից նա հետախուզվում էր հենց Կապանի բաժնի կողմից, խափանման միջոցը՝ կալանք։ Հետախուզվողը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։

 

Share This Article