Միջազգային զարգացման գործակալությունը Հայաստանին կտրամադրի 33 մլն ԱՄՆ դոլարի աջակցություն

10 Min Read

Ամերիկայի միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալությունը տեղեկագիր է հրապարակել Հայաստանին տրամադրվող աջակցության վերաբերյալ:

Տեղեկագրի մեջ նշվում է, որ Կոնգրեսի հետ գործակցությամբ, ԱՄՆ ՄԶԳ-ն կտրամադրի 33 մլն ԱՄՆ դոլարի աջակցություն Հայաստանի ժողովրդին՝ օգնելու վերջին ռազմական գործողություններից հետո տեղահանված անձանց, ամրապնդելու էներգետիկայի ոլորտը, պայքարելու պարենային անվտանգության խնդիրների դեմ, խթանելու տնտեսական կայունությունը, թվային կառավարումն ու տարածաշրջանային ինտեգրումն ու պաշտպանելու մարդու իրավունքները։

Աջակցություն տեղահանված անձանց

ԱՄՆ ՄԶԳ-ն 8.5 միլիոն ԱՄՆ դոլար կհատկացնի վերջին ռազմական գործողություններից հետո տեղահանված հայերին աջակցելու նպատակով: ԱՄՆ ՄԶԳ-ն կգործակցի կենտրոնական և մարզային իշխանությունների, ինչպես նաև միջազգային հասարակական կազմակերպությունների հետ՝ վերահաստատելու ժողովրդավարության արդյունավետությունը։ Այս ֆինանսավորման շնորհիվ կտրամադրվի հոգեբանական և սոցիալական աջակցություն, կառաջարկվեն բնակարանային խնդիրների հետ կապված լուծումներ և օժանդակություն Հայաստանի կառավարությանը՝ այս ծառայությունների մասին հանրությանն արդյունավետ կերպով իրազեկելու գործում, որպեսզի օգնություն ստանալու իրավունք ունեցող մարդիկ տեղեկանան, թե ինչպես կարող են օգտվել այդ աջակցությունից:

Առաջիկա տարվա ընթացքում ԱՄՆ ՄԶԳ-ն կաջակցի Հայաստանի կառավարությանը՝ բարելավելու տեղահանված անձանց տրամադրվող պետական աջակցության մասին հանրային իրազեկումը:

Հայաստանի էներգետիկ ոլորտի ամրապնդում

Կոնգրեսի հետ գործակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ-ն 8.6 մլն ԱՄՆ դոլար կտրամադրի՝ Հայաստանի էներգետիկ ոլորտի անվտանգության ապահովմանն օժանդակելու նպատակով: «Հայաստանի էներգետիկ անվտանգության ծրագրի» միջոցով ԱՄՆ ՄԶԳ-ն կնպաստի Հայաստանի էներգետիկ ոլորտում պլանավորման գործընթացի բարելավմանը, վերականգնվող էներգիայի արտադրության, մատակարարման և տեխնոլոգիաների հասանելիության և ինտեգրման կարողության զարգացմանը, ինչպես նաև էներգաարդյունավետության բարձրացմանը:

Այս ֆինանսավորումը նաև կաջակցի Հայաստանին առավել արդյունավետ պլանավորել ու կառավարել ոլորտի զարգացումները, ինչպես նաև կխթանի էներգետիկ ենթակառուցվածքի կիբերանվտանգության կարևորագույն խոցելիությունների հետ կապված խնդիրների լուծման կարողությունների հզորացումը։

Հնարավոր կլինի նաև լուծել առավել խոցելի խնդիրները՝ սկսած էներգետիկ ոլորտի հաստատությունների մակարդակում ՏՏ անվտանգությունից մինչև ավելի լայն աջակցություն իրավական և ոլորտի կարգավորման մակարդակում՝ կիբերանվտանգության ազգային ռազմավարության ստեղծմանն աջակցելու նպատակով:

Պարենային անվտանգության խնդիրների դեմ պայքար

Կոնգրեսի հետ գործակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ-ն կտրամադրի 6 մլն ԱՄՆ դոլար՝ նպաստելու Հայաստանում պարենային անվտանգության կայունացմանը: Այս ֆինանսավորման շնորհիվ հնարավոր կլինի բարձրացնել հիմնական գյուղատնտեսական մշակաբույսերի արտադրողականությունը՝ առաջարկելով խելացի լուծումներ՝ հիմնված թվային գյուղատնտեսության եւ տվյալների կառավարման նորարարությունների վրա։

ֆինանսավորումը կնպաստի պարենային անվտանգության մակարդակի բարձրացմանը՝ արդիականացնելով տեղական համակարգն ու կայունացնելով շուկան՝ մեծացնելով ներքին սպառման համար արտադրության ծավալը և նվազեցնելով ներմուծումներից կախվածությունը։ Այս ֆինանսավորման շնորհիվ հնարավոր կլինի բարելավել գյուղատնտեսության ոլորտում տվյալների կառավարումը, բարձրացնել գյուղատնտեսական արտադրության արդյունավետությունը, պարենային համակարգի դիմակայունությունը եւ նվազեցնել ռիսկերը: ԱՄՆ ՄԶԳ-ն նաև կաջակցի հացահատիկի արտադրության և պահեստավորման գործընթացներում հայ ֆերմերների կարողությունների զարգացմանը։

Տնտեսական կայունությանթվային կառավարման եվ տարածաշրջանային ինտեգրման խթանում

ԱՄՆ ՄԶԳ-ն 7,4 միլիոն ԱՄՆ դոլար կհատկացնի՝ տնտեսական կայունության, թվային կառավարման և տարածաշրջանային ինտեգրման խթանման նպատակով: Այս ֆինանսավորման շնորհիվ ԱՄՆ ՄԶԳ-ն կնպաստի կառավարության կարողությունների ամրապնդմանը՝ առաջ մղելու հանրային կառավարման բարեփոխումները, ընդլայնելու ներդրումների թափանցիկությունն ու առեւտրի բազմազանությունը, ներգրավելու որակյալ ներդրումներ, խթանելու տնտեսական կապերը և հաղթահարելու հրատապ սոցիալական մարտահրավերները:

ԱՄՆ ՄԶԳ «Թվային ժողովրդավարության խթանում» – Advancing Digital Democracy ծրագրի միջոցով, գործակալությունը կգործակցի կառավարության, տեխնոլոգների, քաղհասարակության և այլ գործընկերների հետ՝ խթանելու տեխնոլոգիաների մշակման, օգտագործման և կառավարման թվային էկոհամակարգերը՝ ժողովրդավարության զարգացման և մարդու իրավունքների հանդեպ հարգանքի ամրապնդման նպատակով: ԱՄՆ ՄԶԳ-ն նաև կֆինանսավորի տրանսպորտի ոլորտի ռազմավարությունը, որն աջակցում է տարածաշրջանային տրանսպորտային ինտեգրմանը, ինչպիսին է Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը:

Այս ռազմավարության շրջանակում կգնահատվի, թե ինչպես կարելի է ինտեգրել Հայաստանը համաշխարհային առեւտրին և Հարավային Կովկասի տրանսպորտային ուղիներին՝ նպաստելու Հայաստանի և հարևանների միջև առեւտրի աշխուժացմանը, ողջ տարածաշրջանում նոր աշխատատեղերի ստեղծմանը և արդյունքում՝ տարածաշրջանային տնտեսական շահույթի ավելացմանը։

Մարդու իրավունքների պաշտպանություն

ԱՄՆ ՄԶԳ-ն 2,5 միլիոն ԱՄՆ դոլար կհատկացնի Հայաստանում մարդու իրավունքների հետ կապված շարունակվող խնդիրները լուծելու համար: Այս ֆինանսավորումը կխթանի Հայաստանում մարդու իրավունքների ամրապնդմանն ուղղված տեղական ջանքերը, այդ թվում՝ ԼԳԲՏՔ+ անձանց նկատմամբ բռնության կամ բռնության սպառնալիքի, խտրականության, աշխատանքային իրավունքների խախտման եւ գենդերային բռնության հանցագործությունների դեմ պայքարը:

ԱՄՆ Պետդեպարտամենտ

Ժողովրդավարություն և օրենքի գերակայություն

ԱՄՆ Պետդեպարտամենտի՝ Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակը շարունակում է իր առաքելությունը և այս գարնանը նոր ծրագրեր է սկսելու։ Առաջնային նախագծերը ներառում են իրավապահ և արդարադատության ոլորտներում հակակոռուպցիոն բարեփոխումների ինստիտուցիոնալիզացում՝ շեշտադրելով համայնքին ծառայելու հասկացությանը միտված ոստիկանական ծառայության կարեւորությունը և բարելավելով մարդկանց համար արդարադատության հասանելիությունը:

Նոր ծրագրերը կշարունակեն առաջ մղել Հայաստանի հակակոռուպցիոն օրակարգը՝ ինստիտուցիոնալ բարեփոխումների միջոցով, ինչպիսիք են աշխատանքի ընդունման և առաջխաղացման քաղաքականությունը, հետաքննության, ապացույցների հավաքագրման, հանրային շահերի պաշտպանության և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հետ կապված տեխնիկական հմտությունների զարգացումը: Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակը նաև աջակցում է ապրիլի սկզբին ԱՄՆ Տրանսպորտային անվտանգության վարչության կողմից Զվարթնոց միջազգային օդանավակայանում նախնական գնահատման անցկացմանը։

Տնտեսական աճ և դիմակայունություն

Միացյալ Նահանգներն աջակցում է առևտրային և ներդրումային երկկողմ կապերի խորացմանը, Հայաստանի գործարար միջավայրի բարելավմանը, երկրի առեւտրային հարաբերությունների դիվերսիֆիկացմանը և սոցիալական հրատապ մարտահրավերների հաղթահարմանը։

Պետդեպարտամենտը և ԱՄՆ Էներգետիկայի դեպարտամենտը կշարունակեն աջակցել Հայաստանին ատոմակայանի փոխարինման տարբերակները դիտարկելու գործընթացում՝ շարունակելով ֆինանսավորել անհրաժեշտ տեխնիկատնտեսական վերլուծություններ, ներգրավվելով գիտական փորձի փոխանակման գործընթացներում և ուսումնասիրելով ԱՄՆ միջուկային տեխնոլոգիաների ֆինանսավորման տարբերակները:

Մենք նաև կշարունակենք ուսումնասիրել Հայաստանի ատոմակայանի վերազինման, արտակարգ իրավիճակների արձագանքման կենտրոնի և ատոմակայանի ծառայության ժամկետի երկարաձգման աջակցությանն ուղղված հնարավորությունները: Առևտրի դեպարտամենտը և Պետդեպարտամենտն աշխատում են տեխնոլոգիաների երկկողմ առեւտրի զարգացման ուղղությամբ՝ առաջատար տեխնոլոգիաների արտահանման վերահսկողության շուրջ խորացված համագործակցության և ԱՄՆ-ի ու Հայաստանի տեխնոլոգիական ընկերությունների միջև բիզնես կապերի ընդլայնման միջոցով:

Միացյալ Նահանգները կաջակցի Մտավոր սեփականության իրավունքի կիրարկմանը, գնումների ոլորտում բարեփոխումներին, ինչպես նաև թվային ենթակառուցվածքի և 5G կառավարմանը: Միացյալ Նահանգները ֆինանսավորել է Հայաստանի մասնակցությունը 2024 թվականին Պրահայում կիբերանվտանգության համաժողովին՝ քննարկելու մատակարարների դիվերսիֆիկացումը, ամպային անվտանգությունը, ստորջրյա մալուխները, կիբերանվտանգությունը և արհեստական բանականության ոլորտում անվտանգությունը:

Պետդեպառտամենտը կշարունակի աջակցել Հայաստանի կիբերանվտանգության ազգային ռազմավարությանը և Համակարգչային խնդիրների արձագանքման ազգային թիմի զարգացմանը՝ օգնելով ստեղծել ճանապարհային քարտեզ, ամրապնդելով կարողությունները, խթանելով համակարգչային միջադեպերի արձագանքման թիմերի միջև գործակցությունը։

ԱՄՆ գյուղատնտեսության դեպարտամենտը մեկնարկում է 900,000 ԱՄՆ դոլար արժողությամբ ծրագիր՝ բարձրացնելու Հայաստանի պարենային անվտանգության մակարդակը և ստեղծելու ճանապարհային քարտեզ՝ Հայաստանի առևտրային գործընկերությունների դիվերսիֆիկացման և ներքին արտադրության ծավալներն առավելագույնի հասցնելու նպատակով։

Մարդասիրական օգնություն

ԱՄՆ Պետդեպարտամենտի՝ Բնակչության, փախստականների և միգրացիայի գրասենյակը շարունակում է մարդասիրական օգնություն տրամադրել տեղահանված անձանց աջակցելու նպատակով, այդ թվում՝ լրացուցիչ 3.3 միլիոն ԱՄՆ դոլար մարդասիրական օգնություն տրամադրելով ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամին (ՅՈՒՆԻՍԵՖ) և Միգրացիայի միջազգային կազմակերպությանը (ՄՄԿ):

2024 թվականի ֆինանսական տարվա ընթացքում Միացյալ Նահանգները հայտարարել է ընդհանուր առմամբ ավելի քան 7 միլիոն ԱՄՆ դոլար գումարի չափով մարդասիրական օգնության մասին՝ (ներառյալ վերը նշված՝ 3.3 մլն ԱՄՆ դոլար լրացուցիչ ֆինանսավորումը) Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների եւ փախստականների համար։

Այս ֆինանսավորման հետ միասին, 2020 թվականի սեպտեմբերից ի վեր ԱՄՆ-ի կողմից Լեռնային Ղարաբաղի փախստականներին ուղղված մարդասիրական օգնության ընդհանուր գումարը կազմում է մոտ 31 միլիոն ԱՄՆ դոլար։ Այս ֆինանսավորումն ուղղված է կացարանների և ոչ պարենային ապրանքների հրատապ ապահովմանը, ինչպես նաև առողջապահական ծառայությունների, այդ թվում՝ հոգեբանական օգնության, սոցիալական պաշտպանության և դրամական աջակցության տրամադրմանը։

Այն նաև աջակցում է տուժած երեխաներին, դեռահասներին և նրանց ընտանիքներին՝ կենսական մարդասիրական օգնության ապահովմանն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են առողջապահությունը, սնունդը, երեխաների պաշտպանությունը, կրթությունը, սոցիալական պաշտպանությունը (ներառյալ կանխիկ գումարների և վաուչերների տեսքով), ինչպես նաև ջրի, սանիտարական և հիգիենայի պարագաների տրամադրումը:

Միացյալ Նահանգները 5 միլիոն ԱՄՆ դոլար է ներդրել Համաշխարհային բանկի՝ Գլոբալ Կոնցեսիոն Ֆինանսավորման Հիմնադրամի (GCFF) հավատարմագրային ֆոնդում՝ ի աջակցություն Հայաստանի։

Տարածաշրջանային տնտեսական ինտեգրում

ԱՄՆ Պետդեպարտամենտի՝ Արտահանման վերահսկման և սահմանային անվտանգության ծրագիրը 2024 թվականի ամռանը կտրամադրի չորս շարժական ռենտգեն սկաներ՝ նվազեցնելու փոխադրման խոչընդոտները և հեշտացնելու ապրանքների հոսքը տարածաշրջանում: Այս շարժական ռենտգեն սկաներներն անհրաժեշտ են՝ Հայաստանի տարածքով ապրանքներ փոխադրելու համար՝ նպաստելով տեղական և տարածաշրջանային առևտրի զարգացմանը։

Պետդեպարտամենտը կշարունակի դասընթացները՝ միջուկային մաքսանենգությանը հակազդելու վերաբերյալ, ինչպես նաև կշարունակի սարքավորումներ տրամադրել, այդ թվում՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ռադիոլոգիական սկաներները փոխարինելով ամերիկյան տեխնոլոգիայով։

Տրանսպորտային անվտանգության գործակալությունը կատարում է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի անվտանգության ստանդարտների և գործելակերպի գնահատում՝ աջակցելով Հայաստանի ջանքերին՝ ուղղված տարածաշրջանային և համաշխարհային ավիացիոն փոխկապակցվածության ընդլայնմանը:

ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիա

ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիան հանձնառու է աջակցել Հայաստանում մասնավոր հատվածի զարգացմանը և նախատեսում է այս տարի Հայաստան ուղարկել բարձրաստիճան ներկայացուցիչ՝ Հայաստանի տնտեսությանն աջակցելու լրացուցիչ հնարավորություններ բացահայտելու նպատակով:

Զարգացման ֆինանսական կորպորացիան այժմ 50 միլիոն ԱՄՆ դոլարի չափով վարկային ֆինանսավորման հաստատման վերջին փուլում է։ Վարկային ֆինանսավորումն ուղղված է գյուղական և գյուղատնտեսական ոլորտի, ինչպես նաև՝ կանանց պատկանող բիզնեսների աջակցությանը։ Կորպորացիան հույս ունի պաշտոնապես մեկնարկել այս ծրագիրն առաջիկա ամիսներին: Կորպորացիայի ներկայիս պորտֆելը Հայաստանում ներառում է աջակցություն գյուղատնտեսության և առևտրի ոլորտների փոքր բիզնեսներին, կանանց պատկանող կամ կանանց կողմից կառավարվող բիզնեսներին, մատչելի հիփոթեքային վարկավորմանը և հյուրանոցային բիզնեսին:

Կիսվեք այս հոդվածով