ՀՀ-ում մարդիկ ստանում են «երանելի» աշխատավարձեր, պարզապես չեն գիտակցում. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

2 Min Read

Հայաստանում անվանական աշխատավարձերն աճում են չափազանց դանդաղ։ Սովորական քաղաքացին մեկ հիմնական աշխատանքով չի կարողանա ապահովել իր և ընտանիքի բարեկեցությունը։ Քաղաքացիները ստիպված փնտրում են եկամուտի մի քանի աղբյուր՝ համատեղելով տարբեր աշխատանքներ։

Այդուհանդերձ, այս իրավիճակն այնքան էլ ճիշտ չէ։ Մարդը իր աշխատանքի դիմաց պետք  է ստանա բավարար աշխատավարձ և աշխատանքի ավարտից հետո  պետք է կարողանա լիարժեք հանգստանալ, ժամանակ անցկացնել ընտանիքի հետ և հասցնել ինքնակատարելագործվել։

Այսօր, սակայն, իշխող քաղաքական ուժը հաճախ է հայտարարում, որ իրենք բարձրացրել են աշխատավարձերը։



Այդուհանդերձ, մոռանում են մի պարզագույն ճշմարտություն, որ դրա հետ մեկտեղ աճել են բազմաթիվ ծառայությունների գներ (նաև՝ ավելացել, օրինակ՝ մեքենաների կայանման վճարները)։

ՀՀ վիճակագրական կոմիտեն փաստում է, որ ՀՀ -ում 2024թ. փետրվարի դրությամբ միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է ֏273,425։ Վերջինս նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է 9,3%-ով։ Ավելին՝ պետական ոլորտում աշխատավարձերը 2024թ. փետրվարին 2023թ. փետրվարի համեմատ աճել է 11,2%-ով՝ կազմելով ֏204,732, իսկ մասնավոր հատվածում՝ 8,5%-ով՝ կազմելով ֏301,727։

Դիտարկենք իրավիճակը տնտեսության ճյուղերի մակարդակով․

Նկատենք, որ 2024թ. փետրվարի դրությամբ բավականին ցածր են աշխատավարձերը կրթության ոլորտում՝ ֏151,948: Այստեղ միջին ամսական անվանական աշխատավարձերը 2024թ. փետրվարին 2023թ. փետրվարի համեմատ աճել է 9,6%-ով։

Լինենք իրատես և ընդունենք, որ նույնիսկ այս աճերի պարագայում կրթության ոլորտի անվանական աշխատավարձը, մեղմ ասած, բավարար չէ ստանձնած կարևորագույն, պատասխանատու աշխատանքի դիմաց։

Առողջապահություն և բնակչության սոցիալական սպասարկում ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմում է ֏227,980, որը 2024թ. փետրվարին 2023թ. փետրվարի համեմատ աճել է 9,2%-ով։

Բարձր են աշխատավարձերը տեղեկատվություն և կապ, ինչպես նաև ֆինանսական և ապահովագրական ոլորտներում, որտեղ 2024թ. փետրվարին 2023թ-ի փետրվարի համեմատ միջին ամսական անվանական աշխատավարձերի աճը կազմել է համապատասխանաբար 5,7% և 34,3%։ Արդյունքում տեղեկատվություն և կապ ու ֆինանսական և ապահովագրական գործունեություն ոլորտներում 2024թ. փետրվարին միջին ամսական անվանական աշխատավարձերը կազմել են համապատասխանաբար ֏890,413 և ֏854,390։

  • Այս ամենով հանդերձ մեր ընթերցողներին հիշեցնենք, որ վերը բերվածը միջին ցուցանիշներ են, իսկ իրականում այս աշխատավարձերի բարձր շեմը բաժին է հասնում համապատասխան ոլորտների ղեկավար դասին։
TAGGED:
Կիսվեք այս հոդվածով