Ո՞ր ոլորտում է նկատվել ամենաբարձր գնաճը. մայիսը՝ թվերով. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

2 Min Read

Ինչպես նշված է ՀՀ ԿԲ կայքում, 2024թ․ հունիսի 11-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 8.00%: Խորհուրդը գնահատում է, որ ավելի ցածր վերաֆինանսավորման տոկոսադրույքն անհրաժեշտ է միջնաժամկետում գնաճի 4% մակարդակի և գների կայունության նպատակի իրագործման համար:

Այս իջեցումը տանելու է տնտեսության էլ ավելի աշխուժացման, որը կարող է գների որոշակի աճ ապահովել։
Գնաճը, անշուշտ, կերևա հետագա ամիսներին, չնայած արդեն մայիս ամսին արձանագրվել է գների որոշակի փոփոխություն․

ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից ներկայացված տվյալների համաձայն՝ ՀՀ-ում 2024թ․ մայիսին 2023թ․ նույն ամսվա համեմատ գներն աճել են 0,3%, իսկ 2024թ․ մայիսին ապրիլի համեմատ դիտվել է գնանկում 0,8%-ով։ Նկատենք, որ 2024թ․ մայիսին նախորդ տարվա մայիսի համեմատ գների ամենամեծ աճը նկատվել է Եղեգնաձորում՝ 1,8%։
Գների անկումը դիտվել է միայն Երևանում՝ 0,1%-ով։ Միևնույն ժամանակ 2024թ․ մայիսին ապրիլի համեմատ գների ամենամեծ անկումը դիտվել է Իջևանում՝ -1,2%։



Նկատենք, որ գների ամենամեծ անկումը և աճը 2024թ․ մայիսին 2023թ․ մայիսի համեմատ դիտվել է 3 ոլորտներում՝ սննդամթերք և ոչ ալկոհոլային խմիչքներ, ալկոհոլային խմիչքներ, ծխախոտային արտադրատեսակներ և տրանսպորտ

Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գներում հանրապետությունում գրանցվել է  5,8% անկում, իսկ Իջևանում՝ 3,5% անկում։ Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գների միակ աճը դիտվել է Եղեգնաձորում՝ 0,1%։

Ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրատեսակների գներն աճել են 7,4%-ով։ Ի դեպ, բավականին բարձր՝ ամենամեծ աճը՝ 11,7%, արձանագրվել է Եղեգնաձորում։

Ամենաբարձր գնաճը հանրապետությունում նկատվել է տրանսպորտի ոլորտում՝ 10%։ Տրանսպորտի գների շոշափելի աճեր են արձանագրվել Իջևանում՝ 14,6%, Եղեգնաձորում՝ 13,6%, և Արտաշատում՝ 12,6%։

Share This Article