Ոչ ռեզիդենտներին տրամադրվող վարկերի ծավալներն աճել են.Վերլուծություն

3 Min Read

Մեր տնտեսությունը խթանող առանցքային գործոններից է բնակչության վարկավորումը: Չնայած այն հանգամանքին, որ ՀՀ Սյունիքի մարզի Խնածախ գյուղում <<ունենք ուսուցիչ, ով ստանում է 450 հզր դրամ աշխատավարձ>>, ազգաբնակչության զգալի մասը շարունակում է ունենալ ֆինանսական խնդիրներ: Եվ դրանց լուծումը մարդիկ փնտրում են պարտքով գումար ձեռք բերելու մեջ:


Սյունիքի Խնածախ գյուղում 450 հազար դրամ աշխատավարձ ստացող ուսուցիչ ունենք. ԿԳՄՍ նախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ


 Այդ նպատակով դիմում են ՀՀ առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների օգնությանը, որոնք բարձր տոկոսներով ֆինանսավորում են մեր քաղաքացիներին: Հետաքրքիր է, որ 2023թ-ի փետրվարին 2022թ-ի փետրվարի համեմատ բանկերում տրամադրված վարկերի ծավալներն աճել են, իսկ վարկային կազմակերպություններում՝ նվազել.

Գծապատկեր 1. ՀՀ առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից տրված վարկերի ծավալները՝ 2023թ.-ի փետրվարի վերջին

ՎԿ տվյալների համաձայն՝ առևտրային բանկերի կողմից տրամադրվել է 4,275,083 մլն դրամի, իսկ վարկային կազմակերպությունների կողմից՝ 268,102 մլն դրամի վարկ 2023թ-ի փետրվարին: Առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի ծավալները գերազանցում են վարկային կազմակերպությունների կողմից տրամադրված վարկերի ծավալներին մոտ 16 անգամ: Սա այն պարագայում, երբ ՀՀ-ում գործում է արդեն 18 բանկ և 43 վարկային կազմակերպություն:

2023թ.-ի փետրվարին հունվարի համեմատ բանկերի կողմից տրամադրված վարկերի ծավալներն աճել են 1%-ով, իսկ վարկային կազմակերպությունների պարագայում՝ 0.5%-ով: Մյուս կողմից 2023թ-ի փետրվարին 2022թ-ի փետրվարի համեմատ բանկերի կողմից տրամադրված վարկերի ծավալները աճել են 5%-ով,  իսկ վարկային կազմակերպությունների տրամադրած վարկերի ծավալները նվազել են 11%-ով:

Այս ամենի մեջ մեծ հետաքրքրություն է ներկայացնում ոչ ռեզիդենտների վարկավորման ծավալները Հայաստանում: Մեր երկիր են եկել հազարավոր ռուսներ, կան հնդիկներ, իրանցիներ և այլ ազգերի ներկայացուցիչներ, որոնք իրենց ֆինանսական կարիքները հոգալու համար կարող են դիմել ՀՀ ֆինանսական կազմակերպությունների օգնությանը.

Գծապատկեր 2. ՀՀ առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից ոչ ռեզիդենտներին՝ կազմակերպություններին, տնային տնտեսություններին և ոչ-բանկ ֆինանսական կազմակերպություններին տրամադրած վարկերի ծավալները 2023թ-ի փետրվարի վերջի դրությամբ

Վիճակագրական տվյալները փաստում են, որ 2023թ-ի փետրվարի վերջին բանկերը ոչ ռեզիդենտներին տրամադրել են 213,303 մլն դրամի, իսկ վարկային կազմակերպությունները՝ 11,841 մլն դրամի վարկեր: Նկատենք, որ բանկերի կողմից տրամադրված վարկերի ծավալները 2023թ-ի փետրվարին հունվարի համեմատ նվազել է 6%-ով, իսկ վարկային կազմակերպությունների պարագայում աճել է 3.8%-ով:

Հաշվարկները ցույց են տալիս, որ 2023թ-ի փետրվարին 2022թ-ի փետրվարի համեմատ բանկերի կողմից ոչ ռեզիդենտներին տրամադրված վարկերի ծավալներն աճել են 7%-ով, իսկ վարկային կազմակերպությունների պարագայում նվազել են 8%-ով:

Այսպիսով, մեր օտարերկրացի հյուրերը կարող են դիմել մեր ֆինանսական կազմակերպություններին, որոնք մեծ հաճույքով ֆինանսական ռեսուրսներ կտրամադրեն: Ոչ ռեզիդենտների համար հատուկ վարկային պայմանների առաջադրումը կարող է իսկական իրարանցում առաջացնել և հսկայական գումարների օգուտներ բերել մեր ֆինանսական կառույցներին:


Ումից պարտքով փող վերցնել


 

TAGGED:
Share This Article