Նախատեսվող փոփոխությունների նպատակն է ԵԱՏՄ անդամ պետությունների հարկային մարմինների միջև էլեկտրոնային տեղեկատվության փոխանակման հետ կապված իրավահարաբերությունների կատարելագործումը և անուղղակի հարկերի մուտքերի նկատմամբ վերահսկողության արդյունավետության բարձրացումը:
Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է ««Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հարկային մարմինների միջև անուղղակի հարկերի վճարված գումարների վերաբերյալ էլեկտրոնային ձևով տեղեկատվության փոխանակման մասին» 2009 թվականի դեկտեմբերի 11-ի արձանագրության մեջ փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Այս մասին հայտնում են ԱԺ-ից:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանի ներկայացմամբ արձանագրությամբ կատարվող փոփոխությունները վերաբերում են կողմերի հարկային մարմինների միջև տեղեկատվության փոխանակման պարբերականության կրճատմանը (տասնօրյա կտրվածքից անցում ամենշաբաթյա կտրվածքի)՝ հարկային տեղեկատվության ստացման և մշակման օպերատիվությունը բարձրացնելու համար: Իրականացվել են նաև որոշ տեխնիկական փոփոխություններ:
Պատասխանելով պատգամավորների հարցերին՝ հիմնական զեկուցողն անդրադարձել է ավելացված արժեքի հարկի դեբետի վերադարձին, ընթացակարգերին:
Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ Հակոբյանը կարևորել է մեկնարկած գործընթացը:
Նախագիծը ստացել է դրական եզրակացություն:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում