Ничего личного. Просто бизнес. Հնդկաստանի պատասխանը՝ Ադրբեջանին

1 Min Read

Վերջերս պաշտոնական Բաքուն դժգոհություններ էր հայտնել այն փաստի առիթով, որ Հնդկաստանը, Ֆրանսիան և Հունաստանը զինում են Հայաստանին։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ իր երկիրը չի կարող ձեռքերը ծալած սպասել, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը զինեն Հայաստանին։ Նրա խոսքով`թվարկված երկրները «դա անում են բացահայտ և ցուցադրաբար և նույնիսկ փորձում են ինչ-որ բան ապացուցել այս կերպ» Բաքվին։

Ինչպես նշել է Ալիևը, ադրբեջանական կողմը հստակորեն այդ դիրքորոշումը փոխանցել է Հայաստանի կառավարությանը և «այն կողմերին, որոնք այսօր փորձում են հոգատարություն դրսևորել Հայաստանի մասին»։ Նա զգուշացրել է, որ եթե Ադրբեջանը լուրջ վտանգ տեսնի իր համար, ապա ստիպված կլինի համապատասխան միջոցներ ձեռնարկել։

Հնդկաստանը լավ հարաբերություններ ունի Բաքվի և Երևանի հետ, սակայն Նյու Դելին ևս շահագրգռված է պաշտպանական արտադրանքի արտահանման խթանմամբ: Այս մասին ճեպազրույցում ասել է Հնդկաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռանդհիր Ջեյսվալը՝ պատասխանելով Հնդկաստանի կողմից Հայաստանին զենք մատակարարելու պատճառով Ադրբեջանի քննադատության մասին հարցին։

«Մենք շատ լավ հարաբերություններ ունենք և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ, բայց բացի սրանից, մենք նաև իրականացնում ենք պաշտպանական միջոցների արտահանման խթանման Հնդկաստանի քաղաքականությունը», – ասել է նա։

Ըստ հնդկական ANI գործակալության՝ Հայաստանը Հնդկաստանից գնել է 15 «Ակաշ» հակաօդային պաշտպանության համակարգ՝ 600 մլն դոլար ընդհանուր գումարով։

Այլ կերպ ասած՝ Հնդկաստանն Ադրբեջանին ասում է՝ Ничего личного. Просто бизнес։

 

TAGGED:
Share This Article