Շիրակի մարզի մի շարք տարածքներ կճանաչվեն հանրության գերակա շահ

12 Հունվարի, 2024
1 Min Read
Շիրակի մարզի մի շարք տարածքներ կճանաչվեն հանրության գերակա շահ

Գործադիրն ընդունել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր — Ծրագիր 3-ի շրջանակներում ՀՀ Շիրակի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» որոշում:

Որոշման նպատակն է ապահովել ծրագրի շրջանակում Մ 1, Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Լանջիկ-Գյումրի հատվածի վերակառուցման աշխատանքների իրականացումը։

Հիշյալ ճանապարհահատվածի վերակառուցման արդյունքում փակվել են ՀՀ Շիրակի մարզի մի շարք բնակավայրերի միջով անցնող՝ ճանապարհահատվածների երկայնքով գտնվող վարելահողերի, սպասարկման օբյեկտների առկա մուտքերը, ելքերը, ինչի հետևանքով սեփականատերերը զրկվում են իրենց հողամասերն օգտագործելու հնարավորությունից։

Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի երկայնքով գտնվող հողամասերի սեփականատերերի սեփականության իրավունքի իրականացումն և ծրագրի բնականոն ընթացքն ապահովելու նպատակով՝ Շիրակի մարզի Անի համայնքի Լանջիկ, Ձորակապ, Մարալիկ և Արթիկ համայնքի Հայրենյաց, Լուսակերտ, Հոռոմ բնակավայրերում գտնվող ընդհանուրը 127 հողամասերի օտարման գոտու սահմաններում գտնվող տարածքները ճանաչել հանրության գերակա շահ։

Օտարման գործընթացը սկսելու վերջնաժամկետն առաջարկվում է սահմանել 2024 թ. հուլիսի 31-ը։

Կիսվեք այս հոդվածով
Թողնել մեկնաբանություն