Որքան են կազմել Երևանի արդյունաբերության ծավալները 2018-2022թթ.-ին. Վերլուծություն

2 Min Read

Մայրաքաղաք Երևանում քաղաքային իշխանությունները վերջին տարիներին կատարում են զգալի փոփոխություններ։ Հետևողականորեն փորձում են նվազեցնել Երևանի գերծանրաբեռնվածությունը բոլոր առումներով։ Անկախ այն բանից, թե ինչ թաքնված նպատակներ է դա գուցե և հետապնդում, այնուամենայնիվ անկախության ողջ ընթացքում նկատվել է երևանակենտրոն ծրագրերի աճ և մայրաքաղաքի նշանակության բարձրացման ռազմավարություն, և դրան հակառակ՝ տարածքով ավելի մեծ ՀՀ մարզերը մատնվել են անտարբերության։

Իհարկե, մարզերում տեղային որոշակի աշխատանքներ տարվել են, սակայն Հայաստանի նման փոքր պետության համար միայն Երևանի վրա կենտրոնացումը անվտանգային տեսանկյունից վտանգավոր է։ Դրա բացասական հետևանքներին մենք առնչվում ենք բոլոր ոլորտներում։

Օրինակ՝ ինչու պետք է սահմանամերձ մարզերի գյուղերից բնակչության թվաքանակի այնպիսի արտահոսք նկատվի, որ տեղի դպրոցում նույնիսկ դասարաններ չձևավորվեն, լինի մեկ շրջանավարտ. օրինակները, ցավոք, բազմաթիվ են:

Այս առումով իշխանությունները, հավանաբար,ջանում են պատկերը փոխել՝ միաժամանակ փորձելով թուլացնել Երևանի ծանրաբեռնվածությունը և զուգահեռ նաև մարզերում ստեղծել համապատասխան պայմաններ: Կարծում ենք՝ առաջնահերթ է մարզերում այնպիսի պայմանների ստեղծումը, որի արդյունքում մարզի բնակիչը կկարողանա իր եկամուտները ձևավորել հենց այն մարզում։ Արդյունքում կարիք չի լինի հասնելու Երևան։
Այս համատեքստում կառավարությունը պլանավորում է որոշ կարևոր գերատեսչություններ, համալասարաններ տեղափոխել մարզեր։

Ինչևէ, նկատենք, որ Երևանն արդյունաբերության ծավալներով առանցային նշանակություն ունի։


Երևանի բյուջեի եկամուտներն աճել են. Ավինյան


2022թ-ին Երևանում արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալները կազմել են ֏957,496.8 մլն։ Վերջին տարիներին դիտվում է Երևանի՝ ՀՀ արդյունաբերության ծավալներում ունեցած մասնաբաժնի նվազում․

Վիճակագրական տվյալները փաստում են, որ դեռևս 2018թ-ին Երևանի արդյունաբերության ծավալները կազմում էին ՀՀ արդյունաբերության ծավալների 38%-ը, իսկ արդեն 2022թ-ին ունենք 35% մասնաբաժին։ Նկատենք, որ այս կրճատումը տեղի չի ունենում Երևանում արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալների կրճատման հաշվին։

Մասնավորապես, 2018թ-ին 2017թ-ի համեմատ Երևանում արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալներն աճել են 7,8%-ով, 2022թ-ին 2021թ-ի համեմատ՝ 9%-ով։ Նկատենք, որ Երևանում է կենտրոնացած՝

  • ՀՀ մշակող արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալների 43%-ը,
  • էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում ոլորտի համախառն արտադրանքի 41%-ը,
  • ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում ոլորտի համախառն արտադրանքի 51%-ը,
  •  հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում ոլորտի  համախառն արտադրանքի 0,5%-ը։
TAGGED:
Share This Article
1 Comment