Ո՞ր բաղադրիչներն են ձևավորում ՀՀ ներքին պարտքը. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

2 Min Read

Մինչ հանրությանը հուզում է ՀՀ արտաքին պետական պարտքի բարձր մակարդակը, ինչը ձևավորվում է տարատեսակ վարկային ծրագրերի հաշվին, իր աճի ճանապարհն է բռնել ՀՀ ներքին պարտքը։ Վերջինիս ծավալները 2023թ-ի սեպտեմբերի վերջի դրությամբ կազմել են ֏1,9 տրլն.  2022թ-ի դեկտեմբերի վերջի համեմատ աճել է 15%-ով։

Ներքին պարտքի ծավալների զգալի մասը՝ 87%-ը կամ ֏1,7 տրլն-ը բաժին է ընկնում ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական գանձապետական պարտատոմսերին։ Այս ցուցանիշին, եթե ավելացնենք ոչ ռեզիդենտների կողմից գնված պարտատոմսերի ծավալները՝ ֏155 մլրդ, կստանանք շրջանառության մեջ գտնվող պետական գանձապետական պարտատոմսերի ծավալները, որոնք կազմում են ֏1,8 տրլն։

Վերջինիս կառուցվածքին կարելի է ծանոթանալ ստորև բերված գծապատկերում․

Հաշվարկները, որոնք հենված են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների վրա, փաստում են, որ շրջանառության մեջ գտնվող պետական գանձապետական պարտատոմսերի ծավալներում 55,8% և 36,2%  մասնաբաժիններ ունեն համապատասխանաբար երկարաժամկետ և միջնաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերը, 7,7% և 0,3%՝ համապատասխանաբար կարճաժամկետ և խնայողական արժեկտրոնային պարտատոմսերը։

Մյուս կողմից հետաքրքիր է ուսումնասիրել շրջանառվող գանձապետական պարտատոմսերի ծավալները՝ ըստ ժամկետայնության.

Ստացվում է, որ շրջանառությունում գտնվող գանձապետական պարտատոմսերի մոտ 56%-ի ժամկետայնությունը 5 և ավելի տարի է։ 4-5 և 2-3 տարի ժամկետայնություն ունեն շրջանառության մեջ գտնվող պարտատոմսերի համապատասխանաբար 21%-ը և 15%-ը։


Որքան է կազմում աշխարհի գերտերությունների արտաքին պարտքը


Վերջում ներկայացնենք 2023թ-ի հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում պետական պարտատոմսերի եկամտաբերության դինամիկան.

Դիտարկվող ժամանակահատվածում պարտատոմսերի միջին եկամտաբերությունը կազմել է 11,4%։ Վերջինս նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված միջինի համեմատ աճել է 4,2%-ով։ 2023թ-ի հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի նվազագույն եկամտաբերության մակարդակն արձանագրվել է սեպտեմբերին՝ 10,5%, իսկ առավելագույնը՝ փետրվարին՝ 11,83%։

Share This Article