Ռուսական ընկերությունները՝ ՀՀ 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում

2 Min Read

Այս օրերի ամենաքննարկվող թեմաներից է ՀՀ վարչապետ Ն․ Փաշինյանի ելույթը Եվրոպական խորհրդարանում և Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու կոչը Հայաստանին և ՀՀ իշխանություններին։ Երկու իրադարձություններն էլ իրար հետ փոխկապված են և հակասում են հայկական շահերին։

Սաակաշվիլին և Եվրոպան, որոնք իրենց համարում են Հայաստանի և հայ ժողովրդի փրկիչներ, իրականում երկակի քաղաքականություն են վարում։ Նրանցից և ոչ մեկը բավարար կերպով չի քննադատում ադրբեջանական գործողությունները Հայաստանի և Արցախի հանդեպ։ Թե՛ եվրոպացիները, թե՛ Վրաստանի նախկին և ներկայիս իշխանություններն արձագանքում են իրավիճակին բացառապես կենացների կարգավիճակով, թեև այս իրավիճակում խիստ մտահոգիչ է նաև ռուսական կողմի անտարբերությունը։ Սաակաշվիլիի և իր հովանավորների բանաձևը, որը նշանակում է տարածքային զոհողություններ ռուսական ազդեցությունից դուրս գալու համար,  չափազանց սխալ է և կարող է է՛լ ավելի վատթարացնել իրավիճակը Հայաստանում։


Ինչպես են բախշված ՀՀ-ում իրականացված ներդրումները Արևմուտք-Արևելք ընկալման համատեքստում

Արդեն իսկ զգալի է, որ Հայաստանի երիտիշխանությունների «սեփական կետից» քաղաքականությունն ամբողջությամբ ձախողվել է և այն աստիճան է աղավաղել ՀՀ և Արցախի շուրջ անվտանգային համակարգը, որ արդեն չափազանց վտանգավոր իրավիճակ է ստեղծվել հենց Հայաստանի համար։ Ամենազարմանալին այն է, որ Ն․ Փաշինյանը գնում է Եվրոպա  և խիզախ ելույթներ է ունենում պետբյուջեի փողերով, որոնց զգալի մասը հավաքագրվում է Հայաստանում գործող ռուսական ընկերությունների հաշվին։ Այս ընկերություններից շատերն առկա են 1000 խոշոր հարկ վճարողների ցուցակում: Ներկայացնենք մի շարք փաստեր․

 

Պատկերացնու՞մ եք՝ միայն 2023թ-ի առաջին կիսամյակում ռուսական «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը պետբյուջե է փոխանցել մոտ 31 մլրդ ՀՀ դրամ՝ 1000 խոշոր հարկ վճարողների ցուցակում զբաղեցնելով 2-րդ տեղը։

13-րդ հորիզոնականում է «ՄՏՍ Հայաստան» ընկերությունը, որը պետբյուջե է վճարել 8 մլրդ դրամից ավելի գումար։

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը բյուջե է փոխանցել մոտ 5,1 մլրդ դրամի գումար՝ զբաղեցնելով 28-րդ հորիզոնականը։ Նկատենք, որ ռուսական ընկերությունների այս ցանկը բավականին կարճ է և հաշվի պետք է առնել նաև այն ընկերությունները, որոնք կիսառուսական են կամ ունեն ռուսական կապիտալի զգալի մասնակցություն։

Փաստացի, մենք փորձում ենք հիշեցնել ներկայիս իշխանություններին՝ ՀՀ տնտեսությունը «քայլում է» ՌԴ կապիտալի զգալի ներարկմամբ, հետևաբար երկրի ներսում և դրանից դուրս հայտարարություններ անելիս պետք է զգուշություն ցուցաբերել և շարժվել փաստացի ստեղծված իրավիճակից ելնելով։

Share This Article