Աշխարհում շարունակվում են լայնամասշտաբ փոփոխությունները: Ցավոք, դրանք իրագործվում են կոպիտ ուժի կիրառման ճանապարհով: Հատկապես ակտիվացել են ավտորիտար ռեժիմներ ունեցող պետությունները. Ռուսաստանը՝ Եվրոպայի, Չինաստանը՝ խաղաղօվկյանոսյան տարածաշրջանի, Թուրքիան՝ Հրվ. Կովկասի, Մերձ. Արևելքի և Եվրոպայի, Ադրբեջանը՝ Հայաստանի, Տաջիկստանը Ղրղզստանի դեմ և այդպես շարունակ: Այս ռեժիմների հրահրած հակամարտությունները հազարավոր զոհերի և բազմաթիվ ավերածությունների պատճառ են դարձել:
Զարմանալին այն է, որ ավտորիտար ռեժիմներն ամեն գնով փորձում են իրար օգտակար լինել և միջազգային ասպարեզում սատարել միմյանց: Այս խրախուսողական քաղաքականությունը բազմաթիվ կյանքեր է խլել և շարունակում է խլել, հազարավոր երեխաներ մնացել են որբ, միլիոնավոր մարդիկ տեղահանվել են:
Գանք Հայաստան և ներկայացնենք ժողովրդավարության համաթիվը.
Գծապատկեր 2. Մեր տարածաշրջանը՝ ավտորիտար ռեժիմների տրամադրության տակ 2021թ․-ի դրությամբ
Ինչպես կարելի է նկատել, Հայաստանը բոլոր հնարավոր կողմերով, փաթեթներով, միություններով և հարաբերություններով գտնվում է ավտորիտար ռեժիմների տրամադրության տակ: Մեր տարածաշրջանում միայն երկու երկիր է համարվում հիբրիդ ռեժիմով՝ Հայաստանը և Վրաստանը:
Ժողովրդավարության զեկույցի համաձայն՝ 167 երկրների շարքում Հայաստանը զբաղեցրել է 89-րդ հորիզոնականը, իսկ Վրաստանը՝ 91-րդը: Մեր տարածաշրջանի, ՀԱՊԿ և ԵՏՄ անդամ պետությունները համարվում են ավտորիտար ռեժիմներով երկրներ, և ժողովրդավարության զեկույցի համաձայն՝ Ադրբեջանը զբաղեցրել է 141-րդ, Իրանը՝ 154-րդը, Տաջիկստանը՝ 157-րդ, Բելառուսը՝ 146-րդ հորիզոնականը:
Փաստորեն, այս 4 երկրները տարածաշրջանի ամենադժգույն պետություններն են, որտեղ ավտորիտարիզմը հասնում է սարսափելի մակարդակների: Այս պայմաններում զարմանալի է աշխարհի վարքագիծը, երբ պետք է ընտրություն արվի Հայաստանի և ավտորիտար Ադրբեջանի միջև:
Շարունակելով վերլուծությունը՝ բացենք ժողովրդավարության համաթվի բաղադրիչների արձանագրած արդյունքները Հայաստանի և Ադրբեջանի պարագայում.
Գծապատկեր 3. Ադրբեջանում և Հայաստանում ժողովդրավարության համաթվի տարրերի մակարդակը 2021թ․-ին
Գծապատկեր 3-ից նկատում ենք, որ գործ ունենք բացարձակապես իրար հետ անհամատեղելի պետությունների հետ: Ադրբեջանում ընտրական գործընթացի և բազմակարծության ցուցանիշը կազմում է 0.5 բալ, այն պարագայում, երբ Հայաստանում այն կազմում է 7.5 բալ: Կառավարության գործունեությունը, որը իրապես քննադատվում է Հայաստանում, մոտ երկու անգամ ավելի բարձր է գնահատվում, քան Ադրբեջանում: Զարմանալին այն է, որ Ադրբեջանը ավելի զարգացած քաղաքական մշակույթ ունի՝ 5 բալ, քան Հայաստանը՝ 3.1 բալ:
Իրականացված վերլուծությունը փաստում է, որ Հայաստանը խոսակցություն կարող է վարել միայն Վրաստանի հետ, իսկ մյուս պետությունները դավանում են այլ արժեքներ, որոնք որևէ ընդհանրություն չունեն հայկական պետության հետ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում