Վիճակագրության կոմիտեն հրապարակել է 2022թ․-ի հուլիսին արձանագրված գնաճին վերաբերող վիճակագրությունը: 2022թ․-ի հուլիսին գների մակարդակի փոփոխությունը 2021թ․-ի նույն ամսվա և 2022թ․-ի հունիսի նկատմամբ կարող ենք հետազոտել հետևյալ գծապատկերի միջոցով.
ԳԾԱՊԱՏԿԵՐ 1. ՍԳԻ տոկոսային փոփոխությունը 2022թ․-ի հուլիսին 2021 թ․-ի հուլիսի և 2022թ․-ի հունիսի համեմատ

Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2022թ․-ի հուլիսին 2021թ․-ի նույն ամսվա համեմատ գներն աճել են 9,3%-ով, իսկ նախորդ ամսվա համեմատ դիտվել է գնանկում 1,4%-ով։ Դիտարկենք գների մակարդակի փոփոխությունը 2022 թ․-ի հուլիսին 2021թ-ի հուլիսի և 2022 թ․-ի հունիսի համեմատ ըստ տարբեր ապրանքախմբերի.
ԳԾԱՊԱՏԿԵՐ 2. ՍԳԻ տոկոսային փոփոխությունը 2022թ-ի հուլիսին 2021թ-ի հուլիսի և 2022թ-ի հունիսի համեմատ ըստ հիմնական ապրանքախմբերի
- Գծապատկեր 2-ից հետևում է, որ 2022թ․-ի հուլիսին 2021թ․-ի նույն ամսվա համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գների աճը կազմել է 13,5%, իսկ 2022թ․-ի հունիսի համեմատ նույնիսկ ունենք գնանկում 4,3%-ով։
- 2022թ․-ի հուլիսին 2021թ․-ի հունիսի համեմատ գների զգալի աճ է առկա հանգստի և մշակույթի մասով՝ 14.3%։ Միևնույն ժամանակ նկատենք, որ հանգստի և մշակույթի ոլորտում գների աճը 2022թ․-ի հուլիսին հունիսի համեմատ կազմել է 0,2%։
- 2022թ․-ի հուլիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ բարձր գներ են դիտվել հագուստի և կոշիկի ոլորտում՝ 10,9%, իսկ հունիսի համեմատ առկա է եղել 0,9%-ով գնանկում։
- Նկատելի է գնաճը տրանսպորտի ոլորտում։ 2022թ․-ի հուլիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ գները աճել են 9,1%-ով, իսկ հունիսի համեմատ առկա է եղել 0,2% գնաճ:
- 2022թ․-ի հուլիսին 2021թ․-ի հուլիսի համեմատ նվազագույն գնաճ է արձանագրվել կապի ոլորտում՝ 0,6%-ով։ 2022թ․-ի հուլիսին հունիսի համեմատ կապի ոլորտում գների փոփոխություն չի դիտվել։