Բարձրացրե՛ք աշխատավարձը. Հոլիվուդյան դերասանները պատրաստվում են գործադուլ անել ընդդեմ արհեստական ինտելեկտի

2 Min Read

Հոլիվուդյան դերասանները կարող են իրենց գործընկեր-սցենարիստներից հետո այսօր՝ հուլիսի 13-ին գործադուլ սկսել, եթե չկարողանան պայմանավորվել Կինոյի եւ հեռուստատեսության պրոդյուսերների դաշինքի հետ աշխատանքային պայմանների բարելավման շուրջ, հայտնել են Կինոդերասանների գիլդիան եւ ԱՄՆ-ի հեռուստատեսության եւ ռադիոյի արտիստների ֆեդերացիան (SAG-AFTRA):

Հոլիվուդի խոշորագույն ստուդիաների և SAG-AFTRA-ի միջև, որը դերասանական մասնագիտության ամենամեծ արհմիությունն է, պայմանագրի ժամկետը լրացել է հունիսի 30-ին: Գործադուլից խուսափելու համար կողմերը պայմանավորվել են ժամանակավորապես երկարաձգել պայմանագիրը մինչև հուլիսի 12-ի կեսգիշեր, բանակցություններին միացել են դաշնային միջնորդներ:

Ավելի վաղ գործադուլ սկսելու օգտին, եթե նրանց պայմանները չբավարարվեն, քվեարկել էր արհմիության անդամների 98 տոկոսը, որը միավորում է շուրջ 160 հազար դերասանների, հեռուստահաղորդավարների, զանգվածային տեսարանների դերասանների, հնչյունավորողների, լրագրողների, խմբագիրների եւ այլ մասնագիտությունների մարդկանց, որոնք այս կամ այն կերպ կապված են կատարողական վարպետության հետ եւ բոլոր նրանց, ովքեր «աշխատանք են ապահովում նրանց համար, ովքեր կանգնած են տեսախցիկի առջեւ կամ խոսափողի հետեւում»:

Գիլդիայի հիմնական պահանջը նվազագույն աշխատավարձի բարձրացումն է, սոցիալական երաշխիքներն ու ինդուստրիայի ներկայացուցիչների իրավունքների պաշտպանությունն արհեստական ինտելեկտի աճող ժողովրդականության ու հնարավորությունների ֆոնին: Պահանջների թվում են սթրիմինգային ծառայություններում ցուցադրություններից մասհանումները եւ սեփական պատկերների նկատմամբ իրավունքների երաշխիքները, որոնք օգտագործվում են արհեստական ինտելեկտի կողմից կոնտենտ ստեղծելու համար: Գործադուլին իրենց աջակցությունն են հայտնել այնպիսի հայտնի դերասանուհիներ, ինչպիսիք են Ջենիֆեր Լոուրենսը և Մերիլ Սթրիփը։

Բողոքի ակցիան սկսվելու դեպքում կարող է գրեթե ամբողջությամբ կաթվածահար անել արդեն իսկ սցենարիստների գործադուլից տուժած Հոլիվուդը: Ավելի վաղ՝ մայիսին, Կինոյի եւ հեռուստատեսության պրոդյուսերների դաշինքի հետ բանակցությունների ձախողումից հետո բողոքի ակցիա էր սկսել Ամերիկացի սցենարիստների գիլդիան, որը միավորում է ավելի քան 11,5 հազար հեղինակների, որոնք բովանդակություն են ստեղծում հոլիվուդյան ֆիլմերի, սերիալների եւ ժամանցային շոուների համար: Մինչ այժմ շարունակվող գործադուլի պատճառով հետաձգվել են «Շատ տարօրինակ բաներ» սերիալի հինգերորդ և եզրափակիչ եթերաշրջանի նկարահանումները, կասեցվել Է «Գահերի խաղը» ամերիկյան սերիալի պրիքվելի սցենարի գրումը և շատ այլ նախագծեր:

Եթե պրոդյուսերների հետ դերասանական գիլդիայի բանակցությունները հաջողությամբ չպսակվեն, դա կլինի ԱՄՆ-ի կինոարդյունաբերության առաջին «կրկնակի» գործադուլը 1960 թվականից ի վեր:

TAGGED:
Share This Article