Որքան բնակչություն կա Երեւանում ու մարզերում. թվաքանակը՝ ապրիլի 1-ի դրությամբ

3 Min Read

Ներկայումս Հայաստանում և նրա շուրջը կատարվող իրադարձությունները շոշափելի բացասական ազդեցություն են թողնում հայերիս առողջության վրա:

Ներկայումս հայաստանցիները մի կողմից բախվում են առաջին հերթին անվտանգային խնդիրների երկրի ներսում, մյուս կողմից իրավիճակը ծանր է նաև  արտերկրում: Կարծում ենք, արտագաղթի նվազման հիմնական պատճառներից մեկն էլ հենց սա է: Երկրորդ կարևոր գործոնը օտարերկրացիների ժամանումն է Հայաստան, որոնցում մեծ թիվ են կազմում ռուսները. նրանց զգալի մասը հաստատվում է Հայաստանում: Մեծ թվով հնդիկներ և պարսիկներ էլ ներգրավված են տարբեր տեսակի աշխատանքներում:

Այս համատեքստում նկատենք, որ 2023թ-ի ապրիլի 1-ի դրությամբ ՀՀ բնակչության թվաքանակը 2022թ-ի ապրիլի 1-ի համեմատ աճել է 0.7%-ով՝ կազմելով 2,961,600 մարդ: ՀՀ բնակչության թվաքանակի մոտ 37%-ը բնակվում է մայրաքաղաք Երևանում: Վերջինիս բնակչության թվաքանակը 2023թ-ի ապրիլի 1-ի դրությամբ 2022թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ  աճել է 0.6%-ով՝ կազմելով 1,100,300 մարդ:

Երևանի տարբեր համայնքներում պատկերը հետևյալն է.

Գծապատկեր 1. Երևանի բնակչության թվաքանակի փոփոխությունը 2023թ-ի ապրիլի 1-ի դրությամբ՝ 2022թ-ի ապրիլի 1-ի համեմատ

Այստեղ բնակչության թվաքանակի աճի առումով առաջատար են Նորք-Մարաշը և Դավթաշենը՝ 2.5%: Արդյունքում այս համայնքներում բնակչության թվաքանակը 2023թ-ի ապրիլի 1-ի դրությամբ հաստատվել է համապատասխանաբար 12.3 հզր մարդ և 44.5 հզր մարդ մակարդակներիում:

Բնակչության թվաքանակի որևէ փոփոխություն չի արձանագրվել Նուբարաշենում և Արաբկիրում: Այս համայնքներում բնակչության թվաքանակը 2023թ-ի ապրիլի 1-ի դրությամբ կազմել է համապատասխանաբար 10.4 հզր մարդ և 114.8 հզր մարդ:

Բնակչության թվաքանակի ամենափոքր աճը դիտվել է Շենգավիթում՝ 0.2%, որի արդյունքում համայնքի բնակչության թվաքանակը 2023թ-ի ապրիլի 1-ի դրությամբ կազմել է 142.2 հզր մարդ:

Ծանոթանանք իրավիճակին մարզերում.

Գծապատկեր 2. Բնակչության թվաքանակի փոփոխությունը մարզերում 2023թ-ի ապրիլի 1-ի դրությամբ՝ 2022թ-ի ապրիլի 1-ի համեմատ

Նախ և առաջ նկատենք, որ ընդհանուր բնակչության թվաքանակի ամենամեծ աճը արձանագրվել է ՀՀ Կոտայքի մարզում 1.3%-ով, որի արդյունքում մարզում բնակչության թվաքանակը 2023թ-ի ապրիլի 1-ի դրությամբ կազմել է 254.6 հզր մարդ:

Ամենափոքր աճը դիտվել է Սյունիքի և Լոռու մարզերում՝ 0.1%: Այս մարզերում 2023թ-ի ապրիլի 1-ի դրությամբ բնակչության թվաքանակը կազմել է համապատասխանաբար՝ 134.6 հզր մարդ և 211.6 հզր մարդ:

Նկատենք, որ հանրապետությունում ամենամեծ գյուղական բնակչությամբ մարզը համարվում է Արարատի մարզը, որտեղ 2023թ-ի ապրիլի 1-ի դրությամբ գյուղական բնակչության թվաքանակը կազմել է 187.5 հազ. մարդ:

Մյուս կողմից ամենամեծ քաղաքային բնակչությամբ մարզը Կոտայքի մարզն է, որտեղ քաղաքային բնակչության թվաքանակը կազմում է 137.7 հազ. մարդ:

Ուշադրություն դարձնենք այն հանգամանքի վրա, որ մարզերում գյուղական բնակչության թվաքանակի ամենամեծ աճը, 2022թ-ի ապրիլի 1-ի համեմատ, այս տարվա ապրիլի 1-ի դրությամբ արձանագրվել է Կոտայքի մարզում 2%-ով: Արդյունքում մարզում գյուղական բնակչության թվաքանակը կազմել է 116.9 հզր մարդ:

Մյուս կողմից քաղաքային բնակչության ամենամեծ աճը արձանագրվել է Արագածոտնի մարզում՝ 1.1%-ով, որի արդյունքում մարզում քաղաքային բնակչության թվաքանակը կազմել է 26.8 հզր. մարդ:

Գծապատկեր 2-ից նկատում ենք, որ քաղաքային բնակչության անկումներ նկատվել են Սյունիքում՝ 0.2%-ով, Լոռիում՝ 0.2%-ով և Շիրակում՝ 0.1%: Այս մարզերում քաղաքային բնակչության թվաքանակը 2023թ-ի ապրիլի 1-ի դրությամբ կազմել է համապատասխանաբար 90.2հզր մարդ, 124հզր մարդ, և 133.5 հզր մարդ:

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով