ՀՀ տնտեսական անվտանգության ապահովման համար էական նշանակություն ունի արտաքին առևտրի դիվերսիֆիկացումը։ Վերջինիս ապահովումը պահանջում է տարիների հետևողական աշխատանք, սակայն Հայաստանի պարագայում այդ քաղաքականությունն ուղեկցվում է տարածաշրջանային բարդ իրավիճակով։
Ավելի քան 30 տարի թշնամի երկրները Հայաստանը պահում են շրջափակման մեջ։ Հայաստանում են տեղակայված ռուսական զորքեր։ Այս պայմաններում, անշուշտ, պետք է բավականին բարդ լինի տնտեսության դիվերսիֆիկացիան, քանի որ, ընտրություն կատարելով որևէ այլընտրանքների օգտին, հիմա էլ բախվում ենք ներմուծվող գնաճին, ինչն էապես նվազեցնում է որոշակի ապրանքների նկատմամբ ներքին պահանջարկը։
Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ ՀՀ արտահանման և ներմուծման ծավալների միջև տարբերությունը շարունակում է աճել․
2023թ․ ներմուծման ծավալները կազմել են մոտ $13 մլրդ, իսկ արտահանման ծավալները՝ մոտ $9 մլրդ։ Արդյունքում ՀՀ արտաքին առևտրի պակասուրդը կազմում է մոտ $4 մլրդ։
2023թ․ 2022թ համեմատ ՀՀ արտահանման ծավալներն աճել են 1․6 անգամ, իսկ ներմուծման ծավալները՝ 1․5 անգամ։
2023թ․ 2017թ․ համեմատ ՀՀ արտահանման ծավալներն աճել են մոտ 4, իսկ ներմուծման ծավալները՝մոտ 3 անգամ։
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արտաքին հատվածից թույլ գնանկումային ազդեցությունները Հայաստանի վրա կպահպանվեն․ ԿԲ նախագահ
Հետաքրքիր է ուսումնասիրել 2017-2023թթ․վերոնշյալ արտահանման ծավալների կառուցվածքի դինամիկան ըստ երկրների․
Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ ՀՀ արտահանման ծավալները հիմնականում բաշխված են 4 երկրների միջև, որտեղ զգալի մասնաբաժին է շարունակում ունենալ Ռուսաստանը։
Այսպես, ՀՀ արտահանման ծավալների մոտ 41%-ը բաժին է ընկնում Ռուսաստանին։ Վերջինիս մասնաբաժինը կտրուկ սկսել է ավելանալ 2021թ․ հետո։
Նկատենք, որ դեռևս 2021թ․ ՀՀ արտահնման ծավալների միայն մոտ 28%-ն էր պատկանում Ռուսաստանին։
Մյուս երկրների միջև արտահանման ծավալները 2023թ․ դրությամբ բաշխված են հետևյալ կերպ․
- ԱՄԷ՝ 26%,
- Հոնկոնգ՝ 7․8%,
- Չինաստան՝ 5%։
Այժմ նկարագրենք ՀՀ ներմուծման ծավալների կառուցվաքի դինամիկան 2017-2023թթ.` ըստ երկրների․
Այս դեպքում ՀՀ ներմուծման ծավալները 2023թ․ դրությամբ բաշխված են հետևյալ կերպ․
- Ռուսաստան՝ 34%,
- Չինաստան՝ 13%,
- Վիետնամ՝ 6%,
- ԱՄՆ՝ 5%,
- Իրան՝ 5%,
- Գերմանիա՝ 4%։
Կրկին նկատում ենք, որ ՀՀ ներմուծման ծավալներում Ռուսաստանն ունի մեծ մասնաբաժին։
2020թ․ սկսած ՀՀ ներմուծման ծավալներում ՌԴ մասնաբաժինը հասել է 30%-ից ավելի մակարդակներին։ Նկատենք, որ դեռևս 2017թ․ ՀՀ ներմուծման ծավալներում ՌԴ մասնաբաժինը կազմել է մոտ 29%։
- Ամփոփելով իրականացված վերլուծությունը` պետք է փաստենք, որ ՀՀ արտահանման և ներմուծման ծավալների զգալի մասնաբաժինը պատկանում է միայն մեկ երկրի՝ ՌԴ-ին, ինչը, անշուշտ, խոսում է արտաքին առևտրի խիստ թույլ դիվերսիֆիկացիայի մասին։ Այս իրավիճակը, ինչպես նշվեց վերևում, որոշ առումներով ունի օբյեկտիվ պատճառներ։ Սակայն նույնիսկ առկա դժվարություններին, ՀՀ արտաքին առևտրի դիվերսիֆիկացիան պետք է խորացնել։