ՀՀ Կառավարությունը 32 մլն դրամ կհատկացնի նախագահի աշխատանքը լուսաբանելու համար անհրաժեշտ տեխնիկան և համակարգչային սերվերները թարմացնելու համար։ Համապատասխան նախագիծն ընդգրկվել է Կառավարության վաղվա նիստի օրակարգում։
Հիմնավորման մեջ նշվում է, որ Հանրապետության նախագահի աշխատակազմի կողմից շահագործվող որոշակի տեխնիկա, սարքեր և սարքավորումներ աշխատում են խափանումներով, չեն բավարարում ներկայիս տեխնիկական կամ ծրագրային պահանջներին, ինչի պատճառով Հանրապետության նախագահի աշխատակազմն իր գործառույթների իրականացման ընթացքում հանդիպում է խնդիրների:
«Հանրապետության նախագահի և Հանրապետության նախագահի աշխատակազմի գործունեության լուսաբանման համար անհրաժեշտ տեխնիկան հնացած է և չի ապահովում լուսանկարահանման, տեսանկարահանման և մոնտաժման բավարար որակական չափանիշներ:
Լուրջ խնդիրներ են ծագել համակարգչային ցանցի և առնչվող սարքավորումների հետ, մասնավորապես՝ սերվերներից մեկը ծանրաբեռնվածության պատճառով խափանվել է (2012 թվականի արտադրության է), որի վերանորոգումը բարդ, ծախսատար և ոչ նպատակահարմար է, սերվերային հանգույցին սպասարկող անխափան սնուցման սարքերի մարտկոցները ամբողջությամբ ենթակա են փոխարինման: Սերվերային հանգույցի աշխատանքը ժամանակավոր սխեմայով վերականգնվել է, սակայն ոչ լիարժեք: Այն աշխատում է ծանրաբեռնված, ինչի պատճառով դրա աշխատանքում ամեն րոպե հնարավոր են նոր խափանումներ»,- նշված է հիմնավորման մեջ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում