Adani Group-ի բաժնետոմսերը, որը պատկանում է Հնդկաստանի և Ասիայի ամենահարուստ մարդուն՝ հնդիկ միլիարդատեր Գաուտամ Ադանին, երեք օրվա ընթացքում 72 միլիարդ դոլարով էժանացել են, գրում է Bloomberg-ը։
Adani Total Gas-ի արժեթղթերն էժանացել են 20 %-ով, Adani Transmission-ինը՝ 15 %-ով, հոլդինգի խոշորագույն ընկերությունը՝ Adani Enterprises-ը, կորցրել է 2 %։

Անցյալ շաբաթ Hindenburg Research ներդրումային հետազոտական ընկերությունը մեղադրել էր Adani Group կոնգլոմերատին բազմաթիվ ֆինանսական խախտումների մեջ:
Հրապարակման պահին՝ հունվարի 27-ին, Ադանիի կարողությունը՝ ըստ Forbes ամսագրի, 96,6 միլիարդ դոլար էր, ներկայումս այն նվազել է մինչև 88,2 միլիարդ դոլար:
Նշվում է, որ ամերիկյան ներդրումային ընկերության զեկույցի հրապարակումից հետո, Adani Group-ն, ի պատասխան, մեղադրեց Hindenburg Research-ին «արժեթղթերի խարդախության» մեջ։
Այս իրավիճակը սպառնում է թուլացնել ընդհանուր վստահությունը Հնդկաստանի նկատմամբ, որը մինչեւ վերջերս գլխավոր ներդրումային ուղղությունն էր խոշորագույն ներդրումային բանկերի համար, և արագացնել տեղաշարժը դեպի վերաբացվող Չինաստան: