Շարունակվում է Արցախի շրջափակման ռուս-թուրքական օպերացիան. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

3 Min Read

Յուրաքանչյուր տարի հունվարի 27-ին աշխարհը նշում է Հոլոքոստի զոհերի հիշատակման օրը։ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում այս օրը նշելու որոշումը կայացվել է  2005 թ. նոյեմբերի 1-ին։ Օրվա ընտրությունը պայմանավորված է 1945 թ․-ի հունվարի 27-ին Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարի ազատագրման հետ։ Սակայն, այսքան տարի հետո աշխարհը կրկին վերադարձել է այն սարսափ ժամանակահատված, որտեղ արձանագրվեցին բազում ոճրագործություններ։

Ուկրաինական պատերազմը հղի է ծանր հետևանքներով։ Մեծ է հավանականությունը, որ հակամարտությունը շատ արագ կարող է վերածվել միջուկային պատերազմի։ Սակայն, ամեն անգամ խոսելով հրեաների հոլոքոստի մասին, մոռացության է տրվում  թուրքերի կողմից 1915 թ.-ին իրականացված ոճրագործությունը։ Վերջինս դատապարտել են աշխարհի բազմաթիվ երկրներ, սակայն, դա որևէ ազդեցություն չի ունենում Թուրքիայի ներկայիս իշխանությունների վրա,  որոնք շարունակում են իրենց ոճրագործ պապերի գործը։ Խոսքը վերաբերում է Արցախի շրջափակման ռուս-թուրքական օպերացիային։ Այս ամենում զարմանալի է ռուսական իշխանությունների համառ լռությունը, չէ որ բազմիցս հիշատակվում է Լենինգրադի շրջափակման պատմության մասին, որը խստագույնս քննադատվում է ռուսների կողմից և բերում դառը հիշողություններ։ Երևանում նույնիսկ ունենք պաշարված Լենինգրադի երեխաներին նվիրված հուշարձան․

Երևանում տեղակայված հուշարձան նվիրված պաշարված Լենինգրադի երեխաներին

Այս նկարը միակ կենդանի ապացույցը չէ, երբ ռուսները քննադատում են աշխարհի տարբեր անկյուններում տեղի ունեցող ոճրագործությունները։ Իր հարցազրույցներից մեկի ժամանակ ՌԴ նախագահ Պուտինը ուկրաինական իշխանությունների կողմից Դոնբասի երկրամասի շրջափակումը և պարբերաբար ջրի, հոսանքի և գազի անջատումները համարում է ցեղասպանություն։ Հարց է առաջանում․ ինչո՞վ է տարբերվում Արցախում տեղի ունեցող հայաթափման ոճրագործ քաղաքականությունը։

Ներկայիս հայաթափման գործընթացը, որը սկսվել է Արցախում, առաջինը չէ։ Դեռևս 44-օրյա պատերազմի արդյունքներով հարյուրավոր ընտանիքներ լքեցին իրենց բնակավայրերը։ Սակայն, նույնիսկ այս պարագայում, արցախցին շարունակում է ամուր կանգնած մնալ սեփական հողի վրա։ Դրա մասին են վկայում ներկայումս շրջափակման մեջ հայտնված 120,000 արցախցին և Արցախի ժամանակավոր տիրապետության տակ անցած տարածքներից տարհանված արցախցիների հարցման արդյունքները․

Գծապատկեր 1. Տարհանված ընտանիքների՝ Արցախի հետ կապված ծրագրերը

Ինչպես տեսնում ենք, հարցման արդյունքները ցույց են տալիս, որ տարհանված ընտանիքների 50,2 %-ը չի պատրաստվում հեռանալ Արցախից։ Ցավոք, 27,4 %-ը չի պատրաստվում վերադառնալ Արցախ, իսկ 14 %-ը պատրաստ է Արցախում ապրել որոշակի նախապայմանների պարագայում, որոնց մեջ առանձնացվել են հետևյալները.

Գծապատկեր 2. Տարհանված արցախցիները պատրաստ են վերադառնալ Արցախ եթե բավարարվեն նրանց պահանջները

Հարցված արցախցիների 5,5 %-ը գտնում է, որ պատրաստ է վերադառնալ Արցախ միայն անվտանգության ապահովման պարագայում, 4,2 %-ը պահանջում է բնակավայրերի վերադարձ, իսկ 2,5 %-ը՝ բնակարանով ապահովում։

Ցավոք, աշխարհը չի կարողանում հասկանալ մի պարզ ճշմարտություն, որ լռելով և չընդունելով աշխարհի տարբեր անկյուններում արձանագրվող մարդկային ողբերգությունները, դրանք անպայման կրկնվում են ապագայում և էլ ավելի ծանր և այլասերված դրսևորումներով։

Share This Article