Միլիարդատեր Էլոն Մասկը, որը ղեկավարում է Կառավարության արդյունավետության դեպարտամենտը (DOGE), Սպիտակ տանը մեծ մասամբ անցել է հեռավար աշխատանքի, The New York Post -ին ասել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Սյուզան Ուայլսը։
«Նրա հետ անձամբ հանդիպելու փոխարեն, ես նրա հետ հեռախոսով եմ խոսում, բայց արդյունքը նույնն է», — ասաել է Ուայլսը «Նա պարզապես ֆիզիկապես այնքան ներկա չէ, որքան նախկինում էր»։
Ինչպես նշում է NYP-ն, Մասկը պատրաստվում է մայիսի վերջին թողնել իր պաշտոնը DOGE-ում, որից հետո կդառնա Սպիտակ տան ոչ պաշտոնական խորհրդական։
Ապրիլի 23-ին ձեռնարկատերը խոստացավ կրճատել իր աշխատանքային ժամերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում՝ շաբաթական մեկ կամ երկու օր և կենտրոնանալ իր ընկերությունների վրա։ Սա հաջորդեց Մասկի Tesla-ի շահույթի 9% անկմանը։
DOGE-ը (Կառավարության արդյունավետության դեպարտամենտ) Միացյալ Նահանգների ժամանակավոր դաշնային գործակալություն է, որը ստեղծվել է 2025 թվականի հունվարին Թրամփի հրամանով թվային տեխնոլոգիաների ծառայության վերափոխման արդյունքում։ Մասկին է վերագրվում գերատեսչության ստեղծման նախաձեռնությունը, որի պարտականությունների մեջ են մտնում պետական ծախսերի կրճատումը և դաշնային գործակալությունների վերակառուցումը։
Այս նախաձեռնության շրջանակներում Թրամփի մեկ այլ գործադիր հրամանագրով վերացվեց պետական ծառայողների համար հեռավար աշխատանքը։ Մասկը պնդում էր, որ մինչև 2026 թվականը ԱՄՆ-ն կարող է կրճատել բյուջեի դեֆիցիտը ներկայիս 2 տրիլիոն դոլարից մինչև 1 տրիլիոն դոլար։
DOGE-ը նախաձեռնել է հազարավոր դաշնային աշխատակիցների, այդ թվում՝ քաղաքացիական ծառայության վետերանների, կրճատումներ և արտասահմանյան օգնության կտրուկ կրճատումներ։ Վերլուծաբանները Tesla-ի վաճառքի անկումը կապել են Մասկի՝ որպես DOGE-ի գլխավոր գործադիր տնօրենի գործողությունների հետ, հաղորդում է CNN-ը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում