Այս անգամ ուսումնասիրենք 2025թ․ հունվարի առանցքային տնտեսական ցուցանիշների վիճակագրությունը․
Համաձայն ՎԿ տվյալների՝ 2025թ-ի հունվարին արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է ֏190,547 մլն, իսկ շինարարության ծավալը՝ ֏19,254 մլն:
2025թ․ հունվարին առևտրաշրջանառության մակարդակն արձանագրել է ֏379,155 մլն, իսկ ծառայությունների ծավալը՝ ֏280,032 մլն արդյունքները:
2025թ․ հունվարին ՀՀ-ում արտադրվել է 919 մլն կՎտ./ժ էլեկտրաէներգիա: Իսկ ինչ վերաբերում է մեր հայրենակիցների միջին ամսական անվանական աշխատավարձին, ապա այն հունվարին կազմել է ֏278,294։
Արտահանման և ներմուծման ծավալները նույն ընթացիկ տարվա հունվարին կազմել են համապատասխանաբար $482 մլն և $895 մլն:
ՀՀ արտահանման և ներմուծման ծավալների աճի տեմպերը նվազել են. 2024թ․ ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ
Վերը բերված ցուցանիշները հնարավոր կլինի լիովին մեկնաբանել և դրանց փոփոխության միտումը ըմբռնել, եթե դրանց 2025թ․ հունվարին արձանագրված արդյունքները համեմատության մեջ դրվեն 2024թ-ի հունվարին և 2024թ․ դեկտեմբերին արձանագրված արդյունքների համապատասխան մակարդակների հետ․
Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2025թ․ հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ կազմել է 7․1%, իսկ 2024թ․ դեկտեմբերի համեմատ՝ -45․3%։ 2025թ․ հունվարին 2024թ հունվարի համեմատ արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալների անկումը բավականին խորն է եղել՝ կազմելով 10․4%։
Մյուս կողմից, 2025թ․ հունվարին նախորդ ամսվա համեմատ արդյունաբերական արտադրանքի ծավալներում արձանագրված անկումը կազմել է 41%: 2025թ․ հունվարին 2024թ․ հունվարի համեմատ աճ է արձանագրվել շինարարության ոլորտում մոտ 12%-ով, իսկ 2025թ․ հունվարին դեկտեմբերի համեմատ, ընդհակառակը, դիտվել է շինարարության ծավալների անկում՝ մոտ 86%-ով։
Առևտրաշրջանառության ծավալներում 2025թ․ հունվարին 2024թ․ հունվարի համեմատ աճը կազմել է մոտ 10%, իսկ դեկտեմբեր ամսվա համեմատ առևտրաշրջանառության ծավալները նվազել են մոտ 52%-ով։
2025թ․ հունվարին 2024թ․ հունվարի համեմատ աճ է արձանագրվել ծառայությունների ծավալներում՝ մոտ 13%։ Միևնույն ժամանակ, 2025թ․ հունվարին նախորդ ամսվա համեմատ ծառայությունների ծավալները նվազել են մոտ 20%-ով։ 2025թ․ հունվարին 2024թ․ հունվարի, ինչպես նաև 2024թ․ դեկտեմբերի համեմատ գներն աճել են համապատասխանաբար 1․7%-ով և 1․4%-ով։
2025թ․ հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է ընդամենը 4․2%-ով, իսկ 2024թ․ դեկտեմբերի համեմատ`նվազել 21․3%-ով։
2025թ․ հունվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներն աճել են մոտ 10%-ով, իսկ նախորդ ամսվա համեմատ` նվազել մոտ 21%-ով։
Արտահանման և ներմուծման ծավալները 2025թ․ հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ կրճատվել են համապատասխանաբար մոտ 49%-ով և մոտ 34%-ով։ Մյուս կողմից, 2025թ․ հունվարին նախորդ ամսվա համեմատ արտահանման ծավալները նվազել են մոտ 36%-ով, իսկ ներմուծման ծավալները՝ մոտ 20%-ով։
Ամփոփելով 2025թ․ հունվարին տնտեսությունում արձանագրված արդյունքները` պետք է փաստել, որ իրավիճակը մտահոգիչ է։ Նախ` շարունակվում է անկումը արդյունաբերությունում։ Նկատվում է նաև շարունակվող անկում արտահանման և ներմուծման ծավալներում։ Իսկ միջին ամսական անվանական աշխատավարձերի աճը փոքր է եղել, իսկ 2025թ․ 2024թ․ դեկտեմբերի համեմատ նույնիսկ բավականին խոր անկում է արձանագրվել։ Կարելի է արձանագրել, որ մեր հայրենակիցների «ամանորյա տոնական օրերի կրճատում» օպերացիան էապես չի բարելավել տնտեսության վիճակը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում