ՀՀ արտահանման և ներմուծման ծավալների աճի տեմպերը նվազել են. 2024թ․ ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

3 Min Read

Հայաստանի տնտեսության համար կարևոր նշանակություն ունի արտաքին առևտուրը։ Վերջինս խիստ ոչ բալանսավորված է և 2000-2024թթ. ժամանակահատվածում Հայաստանի ներմուծման ծավալները գերազանցել են արտահանման ծավալներին։ Թե՛ ներմուծումը, թե՛ արտահանումը կարևոր նշանակություն ունեն տնտեսության համար, սակայն արտահանման ծավալների զգալի աճն էապես մեծացնում է տնտեսության հնարավորությունները՝ ստեղծելով նպաստավոր պայմաններ աշխատատեղերի, շահույթների և բյուջե մուտքերի ավելացման համար։

Եվ այսպես, 2024թ․ արտահանման ծավալները կազմել են մոտ $13 մլրդ, իսկ ներմուծման ծավալները՝ մոտ $17 մլրդ։ Նկատենք, որ բացարձակ արտահայտությամբ արձանագրվել են դիտարկվող ժամանակահատվածում արտահանման և ներմուծման առավելագույն մակարդակները։ Մյուս կողմից, կարևոր նշանակություն ունեն արտահանման և ներմուծման ծավալների տվյալ տարում նախորդ տարվա համեմատ արձանագրված աճի տեմպերը․

Ինչպես ցույց են տալիս վիճակագրական տվյալները, 2022թ․ արտահնման ծավալների աճի տեմպը հասել է դիտարկվող ժամանակահատվածի առավելագույն մակարդակին՝ մոտ 80%, այնուհետև կտրուկ անկում է արձանագրվել աճի տեմպի մակարդակներում։ Այսպես, արդեն 2023թ․ 2022թ․ համեմատ արտահանման ծավալների աճի տեմպը կազմել է  մոտ 60%, իսկ 2024թ․ 2023թ․ համեմատ՝ մոտ 53%:



Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2022թ․ ներմուծման ծավալների աճի տեմպը հասել է դիտարկվող ժամանակահատվածի առավելագույն մակարդակին՝ մոտ 64%, այնուհետև կտրուկ անկում է արձանագրվում աճի տեմպի մակարդակներում։ Այսպես, արդեն 2023թ․ 2022թ․ համեմատ ներմուծման ծավալների աճի տեմպը հաստատվել  է մոտ 45%, իսկ 2024թ․ 2023թ․ համեմատ՝ մոտ 34% մակարդակներում:

Հայաստանի կառավարությունը որոշում է կայացրել, որի համաձայն այն տնտեսվարողները, ովքեր մշակող արդյունաբերության արտադրանք կարտահանեն ԵՄ, կստանան փոխատուցում մաքսատուրքերի մասով։

Փաստենք, որ 2024թ․ ՀՀ ապրանքների արտահանման ծավալների շուրջ 26%-ը պատկանել է ԵԱՏՄ երկրներին։ Վերջիններիս մասնաբաժինը 2024թ․ 2023թ․ համեմատ կրճատվել է մոտ 2 անգամ։

2024թ․ ԵՄ-ին պատկանում է ՀՀ արտահանման ծավալների մոտ 5%-ը։ Վերջինս 2023թ․ համեմատ նվազել է մոտ 2 անգամ։
Ներմուծման ծավալների պարագայում ԵԱՏՄ երկրների մասնաբաժինը 2024թ․ կազմել է շուրջ 54%, իսկ ԵՄ-ի մասնաբաժինը՝ շուրջ 10%։ Այն պարագայում, երբ ԵԱՏՄ-ից ներմուծման ծավալների մասնաբաժինը 2024թ․ 2023թ․ համեմատ աճել է 1․6 անգամ, ԵՄ-ի դեպքում այն կրճատվել է 1․5 անգամ։

  • Ամփոփոելով՝ փաստենք, որ դեռևս Հայաստանի կայուն առևտրային գործընկերը հանդիսանում է ԵԱՏՄ-ն՝ ՌԴ մեծ դերակատարմամբ, իսկ ԵՄ-ն արտաքին առևտրի ցուցանիշներով առայժմ էապես զիջում է։ Բացի այդ արձանագրենք, որ 2024թ․ դիտվում է թե՛ արտահանման, թե՛ ներմուծման ծավալների աճի տեմպերի նվազում, ինչը ևս անհանգստացնող փաստ է։

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով