Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է կրճատել աշխատաժամանակի տևողությունը՝ դարձնելով օրական 7 ժամ 8-ի փոխարեն, շաբաթական 35 ժամ, 40-ի փոխարեն՝ պահպանելով աշխատավարձը։ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացվել է հանրային քննարկման և արդեն 194 կողմ ձայներ է ստացել, դեմ են ընդամենը 6-ը։ Հիմնավորման մեջ նշվում է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ուսումնասիրության տվյալներով՝ երկար աշխատանքային ժամերը կապված են հոգեկան ու ֆիզիկական առողջության հետ, կարող են առաջացնել սրտանոթային հիվանդություններ, խթանել դեպրեսիան ու սթրեսը։
«Օրական 8-ժամյա աշխատանքի մոդելի ներդրումից հետո տեղի ունեցած տեխնոլոգիական փոփոխությունները նպաստել են բազմաթիվ գործընթացների ավտոմատացման։ Այս գործընթացները հաշվի առնելով՝ տարբեր երկրներում (օրինակ, Ֆրանսիա, Գերմանիա, Շվեդիա, Բելգիա, Ավստրիա, Նորվեգիա, Իսլանդիա) արդեն իսկ ներդրվել է աշխատաժամանակի ճկուն ռեժիմ՝ կրճատելով աշխատաժամանակը։ Աշխատաժամանակի կրճատումն ունի տարբեր մոդելներ։ Մի խումբ երկրներում աշխատանքային օրվա տևողության կրճատմամբ է, որոշներում՝ շաբաթական աշխատանքային օրերի քանակի կրճատմամբ։
Միջազգային փորձը և առանձին հետազոտությունները ցույց են տալիս, որ շաբաթական աշխատաժամանակի կրճատումը բացասաբար չի ազդում տնտեսության վրա, ավելին՝ այն նպաստում է արտադրողականության աճին և դրական ազդեցություն թողնում կյանքի որակի վրա՝ բալանսավորելով աշխատանք-անձնական կյանք (work-life balance) հարաբերակցությունը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հրապարակել է ուսումնասիրություններ, որոնք ցույց են տալիս, որ երկար աշխատանքային ժամերը կապված են հոգեկան ու ֆիզիկական առողջության հետ, կարող են առաջացնել սրտանոթային հիվանդություններ, խթանել դեպրեսիան ու սթրեսը (WHO study on long working hours)։
Ըստ տնտեսագիտական հետազոտությունների, աշխատանքային ժամերի կրճատումը կարող է բարձրացնել աշխատանքի արտադրողականությունը՝ աշխատողների ավելի արդյունավետ աշխատանքի միջոցով։ Այն նաև կարող է ստեղծել նոր աշխատատեղեր՝ որպես ընդհանուր տնտեսական միտում (EPI Report on Reduced Workweek)»,- մասնավորապես նշված է հիմնավորման մեջ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում