Հիփոթեքային վարկերի դեպքում ընտանիքներին կաջակցի ոչ թե 16, այլ մինչև 21 մլն դրամի չափով. Նարեկ Մկրտչյան

2 Min Read

Կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունիսի 9-ի N 842-Լ որոշման մեջ լրացումներ և փոփոխություն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 6-ի N 1562-Լ որոշման մեջ լրացումներ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունիսի 27-ի N 1065-Լ որոշման մեջ լրացում կատարելու մասին հարցը:

«Զեկուցվող հարցը վերաբերում է ՀՀ սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրին: Այդ ծրագրի շրջանակներում Կառավարությունը դեռևս 2024 թվականի հունիսին ընդունած որոշմամբ սահմանել է, որ Տավուշի մարզի Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց և Ոսկեպար բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու կամ կառուցապատումը շարունակելու նպատակով տրամադրվող հիփոթեքային վարկերի դեպքում ընտանիքներին կաջակցի ոչ թե 16, այլ մինչև 21 մլն դրամի չափով, եթե ծրագրին դիմելու օրվա դրությամբ նախորդ մեկ տարվա ընթացքում շահառուները հաշվառված են եղել տվյալ բնակավայրում»,- ասաց ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը:

2024 թվականի սեպտեմբերի 4-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վայոց ձորի մարզ կատարած այցի շրջանակում հանձնարարել էր ապահովել Վայք համայնքի Գոմք բնակավայրում ծրագրի վերաբացումը երիտասարդ ընտանիքների համար:

«Այս նախագծով առաջարկվում է այս ծրագիրը վերաբացել Տավուշի մարզի Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց և Ոսկեպար, ինչպես նաև Վայոց ձորի մարզի Գոմք բնակավայրի համար հետևյալ քվոտայով. մինչև 50 շահառու՝ Ոսկեպարում, մինչև 50՝ Բաղանիսում, 40 շահառու՝ Բերքաբերում, 50 շահառու՝ Կիրանցում և մինչև 30 շահառու՝ Գոմքում. այս դեպքում պարտադիր է մինչև 13 տարեկան երեխա ունենալը»,- նշեց Նարեկ Մկրտչյանը:

«Այս նախագծով մենք առաջարկում ենք ևս 190 շահառուի տալ հնարավորություն ծրագրով սահմանված սահմանամերձ մյուս բնակավայրերում տուն կառուցելու համար, նրանց, որոնց շինթույլտվությունները տրվել են մինչև 2024 թվականի սեպտեմբերի 1-ը ներառյալ, բայց չէին հասցրել դիմել դրան, քանի որ սահմանաչափը լրացել էր, իսկ նրանք որոշակի ֆինանսական ծախսեր էին արել շինթույլտվության համար, որոշերը հողամաս էին ձեռք բերել, որ դառնային այս ծրագրի շահառու»,- ասաց նախարարը:

Կիսվեք այս հոդվածով