Նախագծով առաջարկվում է պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձին լրացուցիչ միանվագ արձակուրդային վճարը վճարել մեկ անգամ օրացույցային մեկ տարվա ընթացքում: Այս մասին նշել է ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանն ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ նոյեմբերի 11-ին հրավիրված արտահերթ նիստում՝ ներկայացնելով ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Առաջարկվում է լրացուցիչ միանվագ արձակուրդային վճարը պետական պաշտոն, պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց ամեն դեպքում տրամադրել տարվա վերջում, եթե աշխատողը չի օգտագործում արձակուրդը տվյալ տարում կամ տեղափոխում է եկող տարի:
Նախագծով պետական ծառայողների համար սահմանվում է երաշխիք պետական ծառայությունում աշխատած տարիների համար բնականոն աճի միջոցով գործակցի մակարդակը պահպանելու նաեւ այն դեպքերում, երբ պետական ծառայողը պաշտոնից ազատվելուց հետո զբաղեցնում է պետական պաշտոն եւ այդ պաշտոնից ազատվելուց հետո պետական ծառայության պաշտոնում նշանակվելու ժամանակահատվածը չի գերազանցում մեկ ամիսը:
Կառավարությունն առաջարկում է նաեւ 4 մարմիններում՝ ՀՀ նախագահի, Կառավարության, Ազգային ժողովի ու Սահմանադրական դատարանի աշխատակազմերի աշխատավարձը ոչ թե զսպել ֆոնդերով, այլ դրույքաչափերի սահմանաչափով: Մասնավորապես, ըստ առաջարկի, դրույքաչափը չպետք է գերազանցի 6-ը, իսկ միջինը չպետք է գերազանցի 3,5-ը:
Օրենքի նախագծով հետադարձ ուժ չի տրվում, այն կկիրառվի 2025 թվականի հունվարի 1-ից:
Վաչե Քալաշյանի խոսքով կատարվել են նաեւ մի շարք տեխնիկական բնույթի փոփոխություններ:
Հարակից զեկուցող, ԱԺ պատգամավոր Լիլիթ Մինասյանի կարծիքով պետական համակարգում պետք է լինի պատշաճ վարձատրություն, որպեսզի պետական համակարգի գրավչությունն ավելանա, սակայն, ըստ պատգամավորի, համակարգը նաեւ ուռճացված է:
«Եթե մենք տեսնենք, թե ինչքան է արտադրողականությունը մեր պետական համակարգի, հաշվարկենք որքան աշխատող է պետք, դրան համապատասխանեցնենք բարձր աշխատավարձեր, մենք կունենանք որակապես էական տարբերվող պետական համակարգ»,- նշել է նա:
Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն: