«Երևանի ավտոբուսը» միայն այս տարի 8,5 մլրդ դրամ դեֆիցիտ է ունեցել. Ավինյան

2 Min Read

171 ավտոբուսի գնման գործընթացն իրականացված է, հանձնման-ընդունման աշխատանքները՝ ևս, և ամբողջ խմբաքանակը ՀՀ-ում է: Ներկայումս իրականացվում են մաքսազերծման աշխատանքներ: 14 տրոլեյբուսի մասով ևս այս շաբաթ սկսվում են հանձնման-ընդունման և մաքսազերծման գործընթացները, միաժամանակ մշակվում են նաև երթուղիները: Այդ մասին զեկուցվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքեց՝ Երևանի քաղաքապետարանը շարունակում է արդիականացնել հանրային տրանսպորտը և տրանսպորտային միջոցները, ապա շնորհակալություն հայտնեց միասնական տոմսային համակարգի միջանկյալ անցման ընթացքում երևանցիների ըմբռնման համար, ապա նաև հորդորեց գիտակցել միասնական տոմսային համակարգի կարևորությունը:

««Երևանի ավտոբուսը» միայն այս տարի 8,5 մլրդ դրամ դեֆիցիտ է ունեցել՝ պայմանավորված նոր շարժակազմերով, նոր որակի տեխնիկայով և այս տեխնիկայի սպասարկման խնդիրներով, որը մոտավորապես միայն այս տարվա բյուջեի տեսանկյունից կազմում է ամբողջ Երևանի քաղաքի եկամուտների մոտավորապես 15 տոկոսը: Այսինքն՝ երբ ասվում է, որ Երևան քաղաքը պետք է սուբսիդավորի, Երևան քաղաքը սուբսիադավորում է, ահռելի չափով սուբսիդավորում է հանրային տրանսպորտը, և այս 171 ավտոբուսները, որոնք ավելանում են գծերում, նույնպես էականորեն ծախսն ավելացնելու են:

Այդ առումով շատ կարևոր է միասնական տոմսային համակարգին անցումը: Միասնական տոմսային համակարգն ուղղակի մեր քմահաճույքը չէ. դա հանրային տրանսպորտի որակի պահպանման և հետագա բարելավման միակ բանաձևն է,- ասաց Ավինյանը և տեղեկացրեց. – Գալիք ավագանու նիստում քննարկելու ենք տրանսպորտից օգտվելու արտոնությունների փաթեթն այն խմբերի համար, որոնք իրապես այդ արտոնությունների կարիքն ունեն»:

Կիսվեք այս հոդվածով