Կայացել է ՀՀ-ԵՄ Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի չորրորդ նիստը

2 Min Read

2022թ․ սեպտեմբերի 29-ից 30-ը Բրյուսելում կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի չորրորդ նիստը: Հայկական կողմից նիստը նախագահել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը, Եվրոպական Միություն կողմից` Եվրոպական հանձնաժողովի Առևտրի հարցերով Գլխավոր տնօրինության Եվրոպայի և Արևելյան հարևանության հարցերով պատասխանատու Մարկո Դյուերկոպը: Հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։

Նիստի ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի Առևտուր և առևտրին առնչվող հարցերի մասի ներքո համագործակցության շրջանակներում իրականացվող միջոցառումները և համապատասխան ճանապարհային քարտեզները հետևյալ ոլորտներում՝ ապրանքների առևտուր, մաքսային ոլորտ, առևտրի տեխնիկական խոչընդոտներ, սանիտարական և բուսասանիտարական միջոցառումներ, ծառայությունների առևտուր, հիմնադրում և էլեկտրոնային առևտուր, ընթացիկ վճարումներ և կապիտալի տեղաշարժ, մտավոր սեփականություն, պետական գնումներ, առևտուր և կայուն զարգացում, մրցակցություն, պետական ձեռնարկություններ, թափանցիկություն, վեճերի կարգավորում:

Ներկայացվել և քննարկվել են նաև Համաձայնագրի հոդված 237-ով ամրագրված՝ «Կոնյակ» աշխարհագրական նշման վերաբերյալ դրույթների իրականացման գործընթացին առնչվող հարցեր ու այդ ուղղությամբ նախատեսվող հետագա աշխատանքները:

Նիստի ընթացքում ներկայացվել և քննարկվել են նաև ՀՀ-ԵՄ Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի ներքո գործող՝ Աշխարհագրական նշումների և Մաքսային հարցերով ենթակոմիտեների նիստերի արդյունքները և ձեռք բերված պայմանավորվածությունները։

Օրակարգում ներառված էին նաև առևտրի և ներդրումների ոլորտում առկա զարգացումներին, ԵՄ կողմից տրամադրվող ավտոնոմ առևտրային միջոցների համակարգին միանալու, ինչպես նաև ՀՀ-ԵՄ երկկողմ համագործակցությանն առնչվող այլ հարցեր:

Միջոցառման ավարտին հաստատվել են նիստի ընթացքում քննարկված օրակարգային հարցերի վերաբերյալ ձևավորված Գործառնական եզրակացությունները:

2017թ. նոյեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև կնքվեց «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը (Համաձայնագիր), որի հիմնական դրույթները ժամանակավորապես ուժի մեջ են մտել 2018 թ. հունիսի 1-ից։ Համաձայնագիրն ամբողջապես ուժի մեջ է մտել 2021թ․ մարտի 1-ից։

Համաձայնագրի 363-րդ հոդվածի համաձայն ստեղծվել է Գործընկերության կոմիտե։ Համաձայնագրի Մաս VI-ին (Առևտուր և առևտրին առնչվող հարցեր) առնչվող խնդիրները քննարկելու նպատակով առնվազն տարին մեկ անգամ`  երկկողմ նախնական պայմանավորվածության հիման վրա տեղի է ունենում Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի նիստը։

Share This Article
3 Comments