Հանրային հեռուստաընկերությունն աշխատում է առանց 1 դրամ բյուջեի բարձրացման, և դա լուրջ խնդիր է. Մովսիսյան

2 Min Read

Հանրային հեռուստաընկերության վրա դրվում են պարտավորություններ, որոնց համար ֆինանսական միջոցներ չեն նախատեսվում: Նախընտրական շրջանում ՀԸ-ին լրացուցիչ միջոցներ չհատկացնելը դասական օրինակներից մեկն է, երբ պարտավորություն դրվեց՝ բանավեճ կազմակերպելու, բայց դրա միջոցները Հանրայինին չհատկացվեցին:

Այս մասին ԱԺ-ում 2023 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասել է Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը:

Նրա խոսքով՝ իրենց  շատ հաճախ ասում են, որ պետք է դիմեն նախապես՝ հաջորդ տարվա բյուջեի ծրագրում, իսկ իրենք հարցնում են, եթե արտահերթ ընտրություններ են լինում, այդ ժամանակ ի՞նչ պետք է անեն:

«Այսինքն՝ անընդհատ մենք այս խնդիրն ունենում ենք: Եվ ինչպես տեղի ունեցավ անցած տարի՝ Երևանի քաղաքապետի կամ ավագանու ընտրությունների ժամանակ, այնպես էլ նախորդ տարիներին Հանրային հեռուստաընկերությունն այս խնդիրը լուծելու հարցում միայնակ է մնում, և մենք տարբեր տարիների տարբեր միջազգային գործընկերներից ենք ներգրավել միջոցներ»,- ասել է նա:

Ըստ Մովսիսյանի՝ ֆինանսական միջոցներն էին նաև պատճառը, որ նախընտրական բանավեճի տաղավարը համեմատաբար փոքր էր:

«Անհամատեղելի են այն պարտավորությունները, որոնք դրվում են, և այն ֆինանսները, որոնք չեն հատկացվում, և սա, կարծում եմ, պետք է հաշվի առնենք հետագայում: Քանի որ բարձրացրիք հարցը՝ Ընտրական օրենսգրքի (ԸՕ) հետ կապված, մենք ունենք լուրջ հակասություններ ԸՕ-ի հետ, և «Հանրային հեռարձակողի մասին» օրենքի հետ կապված ունենք լուրջ հակասություններ: ԿԸՀ-ի հետ էլ ենք քննարկել: Չեմ ուզում հիմա բովանդակության մեջ մտնել, բայց իրար հակասող բաներ կան: Մի քանի անգամ բարձրացրել ենք այս հարցը: Ասել են՝ քննարկումներին ձեզ կհրավիրենք, բայց այդ քննարկումներին չեն հրավիրել, կամ չգիտեմ՝ քննարկումներ եղե՞լ են, թե՞ չէ»,- նշել է Մովսիսյանը:

Թեմայի շրջանակում Հովհաննես Մովսիսյանը նաև անդրադարձել է Հանրային ՀԸ-ի բյուջեին՝ նշելով, որ այն 2015 թվականից չի փոխվել:

«Հանրային հեռուստաընկերությունը 2015 թվականից այս կողմ աշխատում է առանց 1 դրամ բյուջեի բարձրացման, և դա մեզ համար լուրջ խնդիր է, քանի որ մենք աշխատում ենք տեխնիկայի հետ՝ սկսած տեխնիկայի թարմացման բյուջեից, որը Հանրայինը չունի և ստիպված վարկային միջոցներ է ներգրավում, վերջացրած աշխատավարձի և այլ հարցերով»,- ասել է նա:

Share This Article