Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի խոսքով իր ղեկավարած գերատեսչությունը 2025 թվականին կիրականացնի 113 միջոցառմամբ 20 ծրագիր` ծախսելով 356,3 մլրդ դրամ:
Ներկայացնելով ոլորտային բաշխվածությունը` նախարարը նշել է, որ տրանսպորտի բնագավառին կուղղվի 98 մլրդ դրամ, էներգետիկայի ոլորտին` 74 մլրդ դրամ, ջրային ոլորտին` 42,2 մլրդ դրամ, տարածքային կառավարման ոլորտին` 154,6 մլրդ դրամ:
Զեկուցողն ընդգծել է, որ ջրային ոլորտում իրականացվելիք` «Ոռոգման համակարգի առողջացում» ծրագիրն ամենախոշորն է:
Գնել Սանոսյանի տեղեկացմամբ այս տարի եւս ոռոգման ծառայություններ մատուցող կազմակերպություններին նախատեսված է տրամադրել 7 մլրդ դրամ սուբսիդավորում: Արդյունքում` 15 ջրօգտագործողներ կապահովեն մոտ 92 հազար հա տարածքի ոռոգումը: Տավուշի եւ Ապարանի ջրամբարներում նախատեսվում է իրականացնել վերականգնման ու վերազինման աշխատանքներ:
Նախարարը խոսել է նաեւ տարածքային կառավարման ոլորտում իրականացվելիք ծրագրերի մասին:
Գնել Սանոսյանը, պատասխանելով պատգամավորների հարցերին, անդրադարձել է համայնքներում սուբվենցիոն ծրագրերի իրականացման առաջնահերթությանը, ոռոգման համակարգի մաշվածությանն ու ջրի կորուստներին, Հրազդանի աղբավայրի գործարկմանը, որոշ բնակավայրերում ճանապարհաշինությանը եւ այլն:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում