5 մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն, որն ամբողջությամբ վերականգնվել է. ՊԵԿ

2 Min Read

Պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով ԶԼՄ-ների հարցադրումները՝ «Լիաննա գարդեն հոլ»-ում («Վանատամ» ՍՊԸ) իրականացված հսկողական աշխատանքների վերաբերյալ, հայտնում է, որ ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից «Վանատամ» ՍՊԸ-ի վերաբերյալ ստացված տեղեկությունների և միաժամանակ կատարված վերլուծական աշխատանքների արդյունքներով վեր հանված ռիսկերի հիման վրա, 19.10.2023 թ. ձեռնարկվել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ «Լիաննա գարդեն հոլ» ֆիրմային անվամբ գործող ռեստորանային համալիրում առկա է շուրջ 100 մլն դրամի ստվերային շրջանառություն, միաժամանակ պարզվել է նաև, որ ռեստորանային համալիրն իր վարձու աշխատողներին վճարվող աշխատավարձի չափը 4 մլն դրամի չափով պակաս է արտացոլել և ներկայացրել հարկային մարմնին ներկայացվող հարկային հաշվարկներում։

«Արձանագրված ստվերային շրջանառությունը հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջների խախտումների նախազգուշացման և կանխման շրջանակներում ներկայացվել է հարկ վճարողին, որի արդյունքում վերջինս, ինքնակամ, 21.11.2023 թ. հարկային մարմնին է ներկայացրել 2023 թվականի երկրորդ, երրորդ եռամսյակների շրջանառության հարկի և օգոստոս, սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական ճշտված հաշվարկներ։ Արդյունքում ընկերության իրացման շրջանառությունն ավելացել է 100․241․088 ՀՀ դրամի չափով և առաջացել է պետական բյուջե լրացուցիչ վճարման ենթակա շրջանառության հարկի գումար՝ 4․009․644 ՀՀ դրամի չափով, իսկ եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական ճշտված հաշվարկներով ընկերության վարձու աշխատողներին ուղղվող աշխատավարձի չափն ավելացել է 4․156․763 ՀՀ դրամի չափով, որի արդյունքում առաջացել է լրացուցիչ վճարման ենթակա 831․355 ՀՀ դրամ եկամտային հարկի և 170․081 ՀՀ դրամ սոցիալական վճարի գումարներ։

Միջոցառման արդյունքներով «Վանատամ» ՍՊԸ-ի մոտ ընդհանուր առմամբ առաջացել է 5․011․080 ՀՀ դրամի չափով լրացուցիչ հարկային պարտավորություն, որն ամբողջությամբ վերականգնվել է։

Տնտեսվարողի մոտ 30.12.2023 թ. իրականացված հսկիչ գնման արդյունքում արձանագրվել է նաև հսկիչ դրամարկղային կանոնների կիրառության խախտում, որի արդյունքում հարկ վճարողին 31.01.2024 թ. առաջադրվել է 769 335 ՀՀ դրամ տուգանք` ՀՀ հարկային օրենսգրքի 416-րդ հոդվածի համաձայն»,- ասված է հաղորդագրության մեջ:

Կիսվեք այս հոդվածով