Պետությանը պատճառված 15 միլիոն դրամի վնասը վերականգնվել է. դատախազություն

1 Min Read

Երևան քաղաքի բնակիչը 2017 թվականին Արարատի մարզի Մասիս քաղաքում ձեռք է բերել 0,5 հա արտադրական նշանակության տարածք, հիմնել է փակ բաժնետիրական ընկերություն (այսուհետ՝ Ընկերություն) և 2019 թվականի վերջին սկսել օղիների արտադրություն՝ առանց Էկոնոմիկայի նախարարության կողմից տրված հատուկ թույլտվության:

2020 թվականի հունվարից մարտն ընկած ժամանակահատվածում Ընկերության կողմից իրականացված ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հետևանքով պետությանը պատճառվել է 15 միլիոն դրամի վնաս:

2020 թվականի հուլիսի 24-ին հարուցվել է քրեական գործ (վարույթ)՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելը, որը զուգորդվել է պետությանն առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելով):

Ընկերության տնօրենի նկատմամբ 2021 թվականի սեպտեմբերի 17-ին հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝  18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Քրեական գործը դատարան է ուղարկվել 2022 թվականի ապրիլի 4-ին:

2024 թվականի հոկտեմբերի 16-ին մեղադրյալը հանցագործության հետևանքով պետությանը պատճառված 15 միլիոն դրամ վնասը վերականգնել է:

2024 թվականի հոկտեմբերի 17-ին Արարատի և Վայոց ձորի մարզերի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել քրեական գործի վարույթը կարճելու մասին՝ գործող Քրեական օրենսգրքի 281-րդ հոդվածի 4-րդ մասի հիմքով (անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե ամբողջությամբ հատուցել է հանցագործությամբ պատճառված գույքային վնասը և հաշվարկված տույժերը):

Կիսվեք այս հոդվածով