Համագործակցության նոր հնարավորությունները քննարկելու նպատակով Մխիթար Հայրապետյանն այցելել է «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիա

1 Min Read

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հոկտեմբերի 15-ին այցելել է «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիա՝ ծանոթանալու վերջինիս գործունեությանը, ընթացիկ ծրագրերին և ապագա պլաններին, քննարկելու համագործակցության հնարավորությունները: Այս մասին տեղեկացնում են ԲՏԱ նախարարությունից:

Նախարարը «Բազումք»-ի համահիմնադիրներ Հայկ Մարտիրոսյանի և Ավետիք Գրիգորյանի հետ շրջել է լաբորատորիայի տարածքով, ծանոթացել արբանյակային կապի վերգետնյա կայանքին, եղել թռիչքի կառավարման սենյակում, փոքր արբանյակների մշակման լաբորատորիայում, ծանոթացել իրականացվող աշխատանքներին։
Մխիթար Հայրապետյանին են ներկայացվել լաբորատորիայի պատմությունը, գործունեությունը, ընթացիկ ծրագրերն ու հեռահար նպատակները։ Անդրադարձ է կատարվել լաբորատորիայի առաջին առաքելության՝ «Հայասաթ-1»-ին և հետագա առաքելությունների հետ կապված երկարաժամկետ պլաններին: Քննարկվել է Հայաստանի համար արբանյակների միջոցով Երկրի հեռազննման կարևորությունը:
Նախարարին ներկայացվել է նաև նոր տիեզերական տեխնոլոգիաներով զբաղվող DeepSat ստարտափը՝ կենտրոնացած VLEO (գերցածր երկրային ուղեծիր) տեխնոլոգիաների վրա: Ստարտափի համահիմնադիրներ Դավիթ Բաղդասարյանը, Ներսես Օհանյանը և Հայկ Մարտիրոսյանը հանգամանալից ներկայացրել են DeepSat-ի գործունեությունը, տեսլականն ու լուծումները: Այս համատեքստում ընկերությունից նշել են Հայաստանի տիեզերական ռազմավարության մեջ VLEO-ն ընդգծելու կարևորության մասին:
Մխիթար Հայրապետյանը կարևորել է «Բազումք»-ի գործունեությունը Հայաստանի համար, պետություն-մասնավոր համագործակցությունը՝ ուղղված տեխնոլոգիաների ու նորարարության զարգացմանն ու առաջընթացին։ Նախարարը նշել է, որ տիեզերական գործունեության զարգացումը Հայաստանի համար կարևոր ուղղություններից է:
Ձեռք է բերվել նաև պայմանավորվածություն համագործակցելու տիեզերական ոլորտի ռազմավարության վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ ունենալու ուղղությամբ:

Կիսվեք այս հոդվածով