Շարունակում է համալրվել հանրային տրանսպորտի պարկը: Այս տարի Երևանի քաղաքապետարանը համայնքային բյուջեի հաշվին 171 ութուկես մետրանոց ավտոբուսների և 15 տրոլեյբուսների գնում է իրականացրել: Այս մասին տեղեկացրեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ Շահումյանի հրապարակում ներկայացնելով նոր տրոլեյբուսների և ավտոբուսների առաջին խմբաքանակը:
«Արդեն 22 ավտոբուս Երևանում է, ևս 10 տրոլեյբուս է հասել: Երկու շաբաթվա ընթացքում 171 ավտոբուսների և 15 տրոլեյբուսների ամբողջ խմբաքանակը կլինի Երևանում: Սրանք որոշակի նորամուծություններով նույն մակնիշի ավտոբուսներն են, փաստացի նույն հաղթողն է եղել մրցույթում»,- հայտնել է Ավինյանը՝ տեղեկացնելով, որ տրոլեյբուսների մակնիշը տարբերվում է նախորդից:
«Կարծում եմ՝ Երևանի հանրային տրանսպորտի զարգացման տեսանկյունից շատ կարևոր ձեռքբերում է, և մեզ փաստացի տրանսպորտային բարեփոխումը վերջնականացնելու համար մնում է ընդամենը 150-200 ավտոբուսի գնում իրականացնել: Դրանով ավտոբուսային պարկի համալրման հարցը փակած կլինենք»,- ասել է քաղաքապետը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում