Ի՞նչ պայմանագիր են կնքել Թալիբները Ռուսաստանի հետ

1 Min Read

Աֆղանստանում իշխանությունը զավթած թալիբները պայմանագիր են կնքել Ռուսաստանի հետ զեղչով վառելիք և ցորեն ներկրելու վերաբերյալ՝ բնակչությանը կերակրելու և իշխանությունը ստանձնելուց մեկ տարի անց տարածաշրջանային առևտուրը խթանելու համար: Գրում է Bloomberg-ը։

Աֆղանստանի Առևտրի և արդյունաբերության նախարարության ներկայացուցիչ Աբդուլ Սալամ Ջավադ Ախունդզադան ասել է, որ այնպիսի ապրանքներ, ինչպիսիք են բենզինը, դիզվառելիքը, գազը և ցորենը, կգնվեն ռուսական ռուբլով և «հատուկ զեղչով։

Ապրանքների ներմուծումը կարող է սկսվել առաջիկա մի քանի օրերի կամ շաբաթվա ընթացքում:Գործարքը, որը թալիբների կողմից իշխանության վերադառնալուց ի վեր ստորագրված ամենամեծ նման համաձայնագիրն է, ներառում է 1 միլիոն տոննա բենզին և դիզելային վառելիք, կես միլիոն տոննա հեղուկ գազ և 2 միլիոն տոննա ցորեն, որոնք անորոշ ժամկետով կմատակարարվեն տարեկան կտրվածքով:

Ներկայացուցիչը հավելել է, որ ապագայում Մոսկվայի հետ ավելի երկարաժամկետ գործարքներ են սպասվում։

Նախարարության տվյալներով՝ Աֆղանստանը տարեկան սպառում է 1,3 մլն տոննա վառելիք, որը ներկրվում է հիմնականում Ուզբեկստանից, Թուրքմենստանից և Իրանից։

Հիշեցնենք, որ ոչ մի երկիր պաշտոնապես չի ճանաչել Թալիբանի կառավարությունը, սակայն Ռուսաստանը այն քչերից է, որը բաց է պահել իր դեսպանատունը Քաբուլում: Հարկ է նշել նաև, որ Թալիբանը Ռուսաստանում արգելված կազմակերպություն է։

Share This Article
1 Comment